Ոլորտի մասնագետները պնդում են՝ քաղաքականացված կրթական համակարգի արդյունքում Մարտի 1-ի իրադարձությունները պատմության դասագրքերում ներկայացված են թերի, խմբագրված ու միակողմանի։
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը սեփական փորձից է խոսում, երբ երկրի պատմության կարևորագույն դրվագները հիշատակվում են մի քանի նախադասությամբ, իրականության մասին լռում են նաև մանկավարժները, սերունդն անտեղյակ է մեծանում․ - «90-ականների վերջի և 2000-ականների սերունդը չգիտի, թե Մարտի 1-ը ընդհանրապես ինչ է։ Այն կարգի աղոտ պատկերացումներ ունեն Մարտի 1-ի մասին, ասես մ․թ․ա․ 93 թվի Կապադովկիայի բռնազավթման մասին: Որևէ տեսակի քաղաքական, գիտական, կրթական, մանկավարժական դիսկուրս, քննարկում՝ դասագրքերում չկա»:
2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումների մասին 12-րդ դասարանի պատմության դասագրքում հիշատակվում է ընդամենն այսքանը․ - «Չընդունելով ընտրության արդյունքները՝ ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր անընդմեջ հանրահավաքներ սկսեց։ Ապակայունացած իրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2-ը հանգեցրեց ողբերգական դեպքերի։ Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև, զոհվեց 10 մարդ, եղան վիրավորներ, երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն»:
Այս տողերը գրաքննության հետևանք են, հեղինակներն էլ՝ պատվեր կատարողներն են՝ համոզված է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը․ - «Չի կարելի, չէ՞ Պյութագորասի թեորեմը երկրաչափության դասին չտալ: Բա այստեղ դու ինչպե՞ս ես Հայաստանի Երրորդ Հանրապետության ավերման անկյունաքարային դրվագի մասին երկու տողով անդրադառնում, հարգելի՛ իշխանություն: Դիտավորյալ կեղծման մասին ենք խոսում մենք»:
Բարսեղյանն ասում է՝ այն մարդիկ էլ, ովքեր իրենց երեխաներին պատմում են մարտիմեկյան իրական զարգացումների մասին, կանգնում է բարդ հարցի առջև՝ ինչպես կարձագանքեն դպրոցում, եթե աշակերտը դասագրքում տեղ չգտած փաստերի մասին պատմի։
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն էլ նկատում է՝ ի տարբերություն 12-րդ դասարանի դասագրքի, 9-րդի հեղինակները, խոսելով այդ օրերի մասին, օգտագործել են «խաղաղ հանրահավաքներ» եզրույթը։ Լրագրողների այն դիտարկմանը, թե ի տարբերություն ավագ սերնդի, 21-րդ դարի աշակերտը ինտերնետից կարող է ստանալ իրեն հետաքրքրող ինֆորմացիան, պատմաբանը նկատեց․ - «12-րդ դասարանի դեռահաս աղջկան հաստատ շատ ավելի Ջասթին Բիբերն է հետաքրքիր, քան Մարտի 1-ի իրադարձությունները: Տղային էլ՝ հակառակը՝ Քիմ Քարդաշյանի բարեմասնությունները և Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները: Դա նորմալ է այդ տարիքի համար: Եվ ուղղորդումը, որպես այդպիսին, այլընտրանքը չի մտած հանրակրթության մեջ, որը պատասխանատու է որակյալ քաղաքացի, իրոք քաղաքացի ունենալու համար»:
Հայաստանի նորագույն պատմության դասագրքերում տեղ գտած բոլոր թերացումներն այժմ ուսումնասիրում է Կրթական քաղաքացիական նախաձեռնության աշխատանքային խումբը։ Դրա անդամ Վահրամ Սողոմոնյանը տեղեկացրեց՝ իրենց դիտակետում բովանդակային թերություններն են, որոնց շուրջ առաջարկություններն ու առաջարկները կներկայացվեն պատասխանատու կառույցներին։
Ինչ վերաբերում է հայոց պատմության դասագրքերի այդ հատվածին, ապա դրանց հեղինակը պատմաբան, Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է։ Մինասյանը քննադատության էր արժանացել նաև բուհական դասագրքերում նույն ոճով մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնելու համար։ Դեռ այդ ժամանակ նա չէր համաձայնել քննադատողների հետ՝ նշելով, որ դասագիրքը գրելիս օգտվել է Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի փաստաթղթերից և ներկայացրել է պատմական փաստերը։