2008 թվականի մարտի 1-ի արյունալի հետընտրական իրադարձությունների ժամանակ Վանաձորի երկու հիվանդանոցներից մեկը գլխավորում էր Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ Կարեն Ադամյանը։ Նա չէր թաքցնում իր քաղաքական հայացքներն ու անգամ նախագահական ընտրություններից հետո մասնակցում էր ընդդիմության հանրահավաքներին։
Այժմ մասնավոր կլինիկայում աշխատող, ընդդիմադիր հայացքներով բժիշկը ասում է, որ մարտի 1-ին հաջորդող օրերին իր բնակարանը խուզարկել են: Ավելին՝ ընդամենը 2 օր անց հիվանդանոցի 15 տարվա տնօրենի նկատմամբ քրեական գործ է հարուցել՝ պաշտոնական դիրքի չարաշահման և պետական միջոցների հափշտակության կասկածանքով․ - «2008-2009 թվականներին մեր հիվանդանոց եկան ստուգման Հայաստանի գրեթե բոլոր կազմակերպությունները: Անգամ այն կազմակերպությունները, որոնք որպես կանոն հեռանում են անպայման ինչ-որ խախտումներ գտնելով, որոնք մեզ մոտ բացարձակապես որևէ խախտում չգտան։ Եթե որևէ խախտում գտնեին, դա կրիմինալ էր, և իմ նկատմամբ, բնականաբար, պետք է հարուցվեր երկրորդ կամ երրորդ քրեական գործը»։
6 ամիս անց գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Բժիշկն ասում է, որ այդ վեց ամիսներին մշտապես նվաստացուցիչ իրավիճակում է եղել․ - «Շատ դժվար ա, երբ քո աշխատողների մոտ քեզ բերման են ենթարկում ոստիկանները: Շատ դժվար է, որ քեզ խաչաձև հարցաքննում են, թե դու մարտի 1-ին որտեղ ես եղել, ընդ որում մի քանի անգամ՝ լո՞մ ա եղել ձեռքդ, թ՞ե փայտ ա եղել ձեռքդ։ Մարդիկ կային, որոնք ինձ տեսնելիս փողոցը փոխում էին, որ դեմ առ դեմ դուրս գան, որպեսզի ինձ բարևեն, այդ նույն մարդիկ ինձ տեսնելիս, դեմ առ դեմ հանդիպելիս, փողոցը փոխում էին, որպեսզի ինձ չբարևեն։ Ինձ դիտում էին որպես թշնամի: Ցավը ըտեղ էր»։
Ընդդիմադիր բժիշկը մինչև մարտի 1-ի իրադարձությունները միայն պատվոգրեր, մեդալներ ու գովասանքներ էր ստացել իշխանավորներից՝ լավագույն կառավարման, ներդրումներ գտնելու միջոցով հիվանդանոցը վերազինելու և բարեփոխելու համար: Բայց այդ ամենը բավարար չեղավ երկարամյա տնօրենի քաղաքական վարքագիծը հանդուրժելու համար:
«Ի վերջո երեք տարի անց գտնվեց ինձ պաշտոնից ազատելու ճանապարհը», - ասում է Կարեն Ադամյանը՝ օպտիմալացման ծրագրով քաղաքի երկու տարբեր ծայրերում գործող հիվանդանոցները միավորվեցին․ - «Եղավ այն, ինչ եղավ։ 2011 թվականին օպտիմիզացիայի անվան տակ կրճատվեց ընդամենը մեկ մարդ, բնականաբար՝ ես: Դեկտեմբերի 20-ին եկա, և իմ առաջ դրեցին կառավարության որոշում՝ դեկտեմբերի 21-ից ես այլևս տնօրեն չեմ։ Արվեց սաղ գաղտնի»։
Կարեն Ադամյանը 3 տարի առաջ տնօրենի պաշտոն է ստանձնել անգլիացի սեփականատիրոջ մասնավոր կլինիկայում: Նա համոզված է, որ աշխատողի, առավել ևս ուսանողի կարծիքի դեմ բռնանալը դավաճանություն է սեփական երկրի նկատմամբ․ այն, ինչ այսօր կատարվում է պետական հաստատություններում․ - «Ցավով եմ նշում սա, բայց էդպես է. կուսակցականացված է ամբողջ բժշկական կազմը, ավելի վատ՝ կուսակցականացված է ամբողջ ուսուցչական, դասախոսական կազմը։ Չի կարելի։ Պիտի ազատ լինեն, որպեսզի ազատ գաղափարներ ներկայացնեն, ուսանողին ազատորեն կրթեն, որովհետև ուսանողը պտի իր «ես»-ը ունենա, ինքնատիպ լինի, մտածելակերպը ազատ լինի, մարտնչող լինի, պաշտպանի իր ճշմարտությունը։ Նա, ով պաշտպանեց իր ճշմարտությունը, հաստատ կպաշտպանի նաև իր հայրենիքը»։