Պակիստանում տեղի են ունեցել ահաբեկչական գրոհներ

Պակիստանի ոստիկանները հետազոտում են գնդակոծված մեքենան, Քուեթա, 28 փետրվարի, 2018թ.

Պակիստանում մահապարտ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել, զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել է ևս 2 մարդ:

Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել երեկ՝ Իրանի և Աֆղանստանի սահմանների մոտ գտնվող Բալոջիստանի գավառի Քուեթա ավանում, որտեղ անվտանգության ստորաբաժանումները երկարատև պայքար են մղում իսլամիստների և անջատականների դեմ:

Այդ նույն ավանում զինյալները նաև գնդակոծել են ոստիկանության մեքենան, սպանվել է երկու իրավապահ:

Բալոջիստանը Պակիստանի չորս գավառներից մեկն է, այն ունի հարուստ ընդերք, սակայն գավառի 7 միլիոն բնակիչների կարծիքով, նրանք արդյունահանվող բնական գազի և հանքային պաշարների ապահոված եկամուտներից արդար չափաբաժին չեն ստանում: