«Փորձելու եմ լինել ոչ միայն այս խորհրդարանի, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախագահը», - այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ վստահեցնելով, որ ընտրվելու դեպքում անելու է ամեն ինչ, որպեսզի իր գործունեությունը լինի Սահմանադրության սահմաններում և աշխատելու է անկեղծությամբ և ազնվությամբ:
«Շնորհակալությունս կրկին հայտնելով հանրապետության նախագահին, Դաշնակցությանը, «Ծառուկյան» դաշինքին և «Ելք»-ին փորձելու եմ լինել ոչ միայն այս խորհրդարանի, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախագահը», - ասաց Արմեն Սարգսյանը։
«Անհանդուրժողականության այլընտրանքը երկխոսությունն է»
Խորհրդարանի առջև ունեցած իր ելույթում նախագահի թեկնածուն անդրադարձավ Հայաստանում առկա մի շարք հիմնախնդիրների, ինչպես ինքը ձևակերպեց, սկզբունքների, որոնք դրվելու են իր գործունեության հիմքում:
Նախ նա խոսեց հասարակության մեջ առկա անհանդուրժողականության մասին՝ շեշտելով՝ հնարավոր չէ զարգանալ և առաջ շարժվել, երբ հասարակությունը միասնական չէ։
«Ցանկացած նոր, կառուցողական գաղափար անմիջապես մերժվում է միայն այն պատճառով, որ գալիս է հակառակ թիմից։ Ով ով, բայց հայ ժողովուրդն անհանդուրժողականությունը տեղի տալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ։ Անհանդուրժողականության այլընտրանքը երկխոսությունն է», - ասաց Սարգսյանը։
Ապա Արմեն Սարգսյանը խոսեց կոռուպցիայի մասին՝ ասելով, թե «այն ավերիչ ազդեցություն ունի մեր կյանքի բոլոր ոլորտների վրա»:
«Այն խաթարում է օրինական և բնական հարաբերությունների ողջ շղթան, մարդու իրավունքը դարձնում առքուվաճառքի առարկա», - ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով կառավարության կողմից վերջին տարիներին կոռուպցիայի դեմ տարվող հետևողական աշխատանքին, Սարգսյանը շեշտեց՝ այն պետք է ունենա լայն հանրային աջակցություն, և շատ կարևոր է, որ մարդիկ հավատան դրան:
Արմեն Սարգսյանը հստակ ընդգծեց՝ «եթե ուզում ենք մեծ ներդրողներ գան մեր երկիր, ապա նրանք պետք է տեսնեն, որ Հայաստանում օրենքներն աշխատում են, դատարանն իրավական է, և իրենց իրավունքները պաշտպանված են լինելու»։
«Այսօր մեր պետությունն ավելի հզոր է, ավելի հարուստ, բայց նաև բևեռացված»
Հանրապետականի նախագահի թեկնածուն անդրադարձավ նաև սոցիալական արդարությանը: Ի դեպ, նա անկեղծորեն նկատեց՝ 26 տարի առաջ Հայաստանի հասարակությունն ավելի քիչ էր բևեռացված հարուստների և աղքատների միջև, թեև երկիրը տնտեսապես ավելի թույլ էր:
«Հանրությունը շատ ավելի քիչ էր բևեռացված աղքատի և հարուստի իմաստով։ Այսօր մեր պետությունն ավելի հզոր է, ավելի հարուստ, բայց նաև բևեռացված։ Հասարակության տարբեր շերտերի միջև առկա սոցիալական բևեռացման բարձր մակարդակը՝ գործազրկությունն, անտարբերությունը, բյուրոկրատական քաշքշուկը, մադկանց դարձնում են թերահավատ և օտարում հասարակական գործընթացներից։ Ի վերջո քրիստոնեական բարոյականության տեսակետից մարդը չի կարող իրեն լիարժեք երջանիկ զգալ աղքատության հարևանության պայմաններում», - ասաց Արմեն Սարգսյանը։
Խոսելով քաղաքացիական հասարակության մասին, Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուն ասաց, թե «այս տարիներին այն մեր կարևորագույն ձեռքբերումներից է: Բայց կարևոր է, որպեսզի քաղաքացին արթնանա ոչ միայն ընտրությունների ժամանակ, կամ սոցիալական սուր հարցեր բարձրացնելիս, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում դրսևորի ամենօրյա կյանքում»։
«Մեր հոգում քաղաքացի լինելու ոգին 88-ից մինչև այսօր, ցավով, ես համենայն դեպս կարող եմ ասել, որ տեսնում եմ նվազած, և հեռու չէ 2016 թվականի ապրիլը՝ յուրաքանչյուր հայ երիտասարդ, մեր տարիքի անձնավորություն, կրկին դարձավ քաղաքացի և դուրս եկավ մեր երկրի՝ Արցախի պաշտպանությանը», - ասաց նախագահի թեկնածուն։
«Եթե մենք մեր քայլերը ճիշտ կատարենք, ապա 21-րդ դարը մերն է լինելու»
Արմեն Սարգսյանը խոսեց նաև, իր ձևակերպմամբ, արտագաղթի մեծ չափերի, ապա նաև մեկ այլ վտանգի՝ Հայաստանի մայրաքաղաքային պետության վերածվելու մասին՝ շեշտելով, որ լուրջ ծրագիր է պետք, որպեսզի խրախուսվեն հեռավոր սահմանամերձ գյուղերում ու մարզերում բնակվող քաղաքացիները:
«26 տարիների ընթացքում Հայաստանն աստիճանաբար կանաց-կամաց վերածվում է մի մեծ մայրաքաղաքի՝ երկրի։ Հայաստանը սկսում է սեղմվել դեպի Երևան, իսկ Երևանն էլ՝ տնտեսական և զարգացման իմաստով, դեպի Երևանի կենտրոն», - ասաց Արմեն Սարգսյանը։
«Գյումրին ինձ համար ավելի գեղեցիկ է, քան Հին Թբիլիսին»
Անդրադարձ կատարվեց նաև ներքին տուրիզմին, Արմեն Սարգսյանը շեշտեց՝ հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից տուրիզմի են գնում հարևան Վրաստան, «այդպիսի թվեր չունենք Գյումրիի, Վանաձորի, կամ Արցախի պարագայում»։
Սարգսյանը զարմացավ՝ ինչո՞ւ չենք այցելում գեղեցիկ աշխարհ Արցախ, կամ Գյումրի, որոնցից յուրաքանչյուրն իր դեմքն ունի, ապա բերեց իտալացիների օրինակը, որտեղ Միլանի ժողովուրդը սիրում է իր հանգիստն անցկացնել Սիցիլիայում. - «Չգիտեմ, Գյումրի քաղաքն ինձ համար ավելի գեղեցիկ է, քան Հին Թբիլիսին։ Ինչո՞ւ չենք կարող մենք մեր երեխաների հետ շաբաթ-կիրակի օրը գնանք Գյումրի, կամ Վանաձոր, անցկացնենք Արցախում մեր ծննդյան օրը»։
Արմեն Սարգսյանը խոսեց նաև իր երազանքների մասին, մասնավորապես, թե ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել ապագայում։
«Երազում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա դինամիկ զարգացող ինտելեկտուալ երկիր, և որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկ, ավելի ամրապնդի իր դիրքերը որպես անկախ և ժողովրդավար պետություն։ Ես վստահ եմ, որ, եթե մենք մեր քայլերը ճիշտ կատարենք, ապա 21-րդ դարը մերն է լինելու», - ասաց Արմեն Սարգսյանը: