«Ելք»-ում բոլորը վերահաստատել են՝ դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին». Լենա Նազարյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ևս կասկածներ ունի, որ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի անդամները Գագիկ Հարությունյանին դեմ ձայները փոխարինել են կողմով։

«Ես ավել բացատրություն իսկապես չունեմ, որովհետև կա խմբակցության որոշում՝ դեմ քվեարկել Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին, և այդ որոշումն իրականացվել է, պահվել է, մնացած թեկնածուների քվեարկությունն ազատ էր թողնված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազարյանը։

Նազարյանն, ով Հաշվիչ հանձնախմբում «Ելք»-ի ներկայացուցիչն էր, ասաց, որ ինքը զբաղված լինելով իր մոտ գտնվող քվեաթերթիկների տեսակավորմամբ և հաշվարկով, չէր կարող նկատել, թե ինչ են անում մյուսները։

«Քվեարկությունից հետո հանձնախմբի ամդամներն՝ 9 հոգի, որից 5-ը Հանրապետական խմբակցությունից են, առանձնացան սենյակում, որպեսզի կատարեն հաշվարկ։ Խնդիրն այն է, որ այդ հաշվարկը տեղի չի ունենում մեզ հայտնի ընդհանուր կարգով ընտրությունների, երբ հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է քվեաթերթիկը, ցույց է տալիս հանձնաժողովի անդամներին, որ բոլորը տեղեկանան և դնում սեղանին՝ բոլորի համար տեսանելի ձևով։ Քվեատուփի պարունակությունը շրջվեց սեղանի վրա, և հանձնախմբի անդամները՝ նստելով սեղանի շուրջն, ամեն մեկը սկսեց տեսակավորել և առանձնացնել, հաշվել քվեաթերթիկները։ Ես հիմա ունեմ կասկածներ, որ այդ հաշվարկի ժամանակ շատ հնարավոր է, որ ես նկատած չլինեմ, դա օբյեկտիվ է, ով էլ լիներ իմ տեղում չէր կարող նկատել, թե ինչ են անում մյուսները, երբ զբաղված է իր մոտ գտնվող քվեաթերթիկների տեսակավորմամբ և հաշվարկով, շատ հնարավոր է, որ այդ ընթացքում մեկ, երկու կամ երեք հանձնաժողովի անդամներ առանձնացրել են Գագիկ Հարությունյանին դեմ քվեաթերթիկները, պահել են դրանք և ավելացրել են կողմ քվեաթերթիկներ, ես ավել բացատրություն իսկապես չունեմ», - ասաց Նազարյանը։

Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին։ Կոալիցիայի առաջադրած բոլոր 5 թեկնածուները հավաքել էին խորհրդի կազմում ընտրվելու համար անհրաժեշտ ձայները։

Հրապարակված արդյունքների համաձայն, ԲԴԽ-ի անդամների թեկնածուներից ամենաշատ կողմ ձայները հավաքել էր Սահմանադրական դատարանի գործող նախագահ Գագիկ Հարությունյանը․ նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ընդամենը 2-ը։ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի օգտին քվեարկել էր 90, դեմ՝ 7 պատգամավոր:

Արդյունքների հրապարակումցի հետո «Ելք» հետաքքնություն պահանջեց՝ պնդելով, որ քվեարկությանը մասնակցած իրենց խմբակցության յոթ անդամները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին։

Նազարյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ սա արվել է «Ելք»-ի ներսում իրար նկատմամբ կասկածներ առաջացնելու նպատակով։

«Խմբակցությունը քննարկում է շատ կարևոր գործողությունների պլան՝ առաջիկա իրադարձությունների պլան վարչապետի ընտրությունների հետ կապված, և կարծում եմ, որ սա արվել է այն նպատակով, որպեսզի մենք յուրաքանչյուրս մեր ներսում կասկածենք իրար վրա, չվստահենք իրար, համարենք, որ մի բան ենք պայմանավորվում և այլ բան ենք անում, բայց ուզում եմ ասել, որ բոլորովին դա չստացվեց, «Ելք» դաշինքին ոչինչ չի սպառնում, և եթե մենք նույնիսկ ունենք տարաձայնություններ մեր գործողությունների պլանի հետ կապված առաջիկա իրադարձություններում, միևնույն է մենք նստում ենք սեղանի շուրջ, պայմանավորվում ենք, խոսում ենք և կգործենք միաձայն», - ասաց Նազարյանը։

Հիշեցնենք՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ «Ելք»-ն «անընդունելի է» համարում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը՝ ննշելով, որ դաշինքն այժմ քննարկում է որոշակի ճանապարհային քարտեզ։

Լենա Նազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.