Հայաստանում գրանցվել է նախորդ տասնամյակի ամենաբարձր տնտեսական աճը՝ 7.5 տոկոս

Դա անցած տասնամյակում Հայաստանում արձանագրված ամենաբարձր տնտեսական աճն է:

Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն, 2017-ին, 2016-ի համեմատ, երկրի տնտեսությունը աճել է 7.5 տոկոսով: Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում սա ամենաբարձր ցուցանիշն է:

Հատկանշական է, որ ԱՎԾ-ն այս թիվը հրապարակեց նախագահ Սարգսյանի երեկվա հայտարարությունից ընդամենը ժամեր անց:

Նախագահականի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, վարչապետ Կարեն Կարապետյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և սոցիալ-տնտեսական ոլորտի համար պատասխանատու այլ պաշտոնյանների հետ երեկվա խորհրդակցությանը Սերժ Սարգսյանը ոչ միայն կարևորել է առաջիկա տարիներին տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումը, այլև ընդգծել է․ - «Տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի և հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար»:

«Կառավարությունը 2017 թվականին լավ արդյունքների է հասել, չեմ կարծում, որ շեղումները շատ մեծ կլինեն, մենք թերևս կունենանք 7,4-7,7 տոկոսի միջակայքում տնտեսական աճ: Սա, անշուշտ, լավ ցուցանիշ է: Բայց մենք նաև պետք է հաշվի առնենք, որ մեկ տարվա լավ տնտեսական աճը չի կարող ազդեցություն ունենալ մեր հասարակության լայն շրջանակների վրա: Եվս երկու-երեք տարի այսպիսի աճ` ես կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք ստեղծել շատ լավ հիմքեր մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար», - ասել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը կրկին խոսել է երկարատև ռազմավարության մասին․ - «Ես կարծում եմ, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք ավարտին կհասցնենք մինչև 2030 թվականը Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ռազմավարությունը»:

Առաջին անգամը չէ, որ շուրջ քսան տարի Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդը խոսում է երկարատև տնտեսական աճի մասին: Նախորդը 2013-ի մարտին էր, երբ Սերժ Սարգսյանը կառավարությունից պահանջեց հետագա տարիներին ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ․ - «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերվում է 13 թվականին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:

Իրականությունը, սակայն, այլ է․ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2013-2017 թվականներին տարեկան միջին տնտեսական աճը կազմել է ճիշտ երկու անգամ քիչ՝ 3.5 տոկոս:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանն այսօր «Ազատության» հետ զրույցում կասկած հայտնեց, թե առաջիկա տարիներին ևս իշխանություններին կհաջողի ապահովել նման բարձր տնտեսական աճ, որովհետև 2016-ին գրանցվել էր 0.2 տոկոս աճ, ուստի 2017-ի արդյունքները համեմատվել են 2016-ի գրեթե զրոյական ցուցանիշի հետ:

Խաչատրյանի խոսքով, մի կողմից հանձանարարություն է տրվում տնտեսական աճի արդյունքները հասանելի դարձնել հատկապես սոցիալապես խոցելի խավերի համար, մյուս կողմից՝ ԱՎԾ թվերը այլ պատկեր են ցույց տալիս․ - «Տարիների ընթացքում մեր մոտ աշխատավարձ ստացողների տեսակարար կշիռը այդ եկամուտների մոտ ավելի քչանում է, իսկ շահույթ ստացողների տեսակարար կշիռը ավելի մեծանում է: Այսինքն, նոր ստեղծված արդյունքից ավելի օգտվում են սեփականատերերը, և ավելի քիչ են օգտվում այն մարդիկ, ովքեր պարզապես աշխատող են ձևակերպված: Սա կարևորագույն խնդիր է, որովհետև երբ որ համեմատության մեջ եք նայում վերջին 20 տարվա կտրվածքով, մոտ 56 տոկոսից դարձել է 18 տոկոս այդ բաշխումը: Այսինքն՝ վարձու աշխատանք ունեցող մարդկանց տեսակարար կշիռը եկամուտների բաշխման մեջ ավելի պակասել է»:

Երևանի փողոցներում «Ազատության» անցկացրած հարցախույզը վկայում է, որ շարքային քաղաքացիների չեն զգում տնտեսական աճի արդյունքները: