«Բաքվի համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք այս պահին չկա». Մամեդյարով

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հերթական նիստում ելույթ են ունեցել նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։

Փոխադարձ մեղադրանքներ են հնչել երկու կողմերից տարհանվածների, փախստականների իրավունքները խախտելու համար:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում անդրադարձել է նաև Սումգայիթի ջարդերին:

«Երեսուն տարի առաջ՝ 1988-ի փետրվար ամսվա այս նույն օրերին, հայկական ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որի արդյունքում բազմաթիվ հայեր սպանվեցին, վիրավորվեցին և արտաքսվեցին։ Բռնություններն իրագործվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման խաղաղ ձգտումների համար հայերին պատժելու նպատակով», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նիստում արտգործնախարարների ելույթներից բացի, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում անդրադարձել է նաև բանակցային գործընթացին։

«Պաշտոնական Բաքվի համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք այս պահին չկա», - հայտարարել է Մամեդյարովը:

Նշեմ, որ նա ընդգծում է խաղաղ կարգավորման մասին` չնայած նույն Բաքվից մերթընդմերթ հնչող ռազմատենչ հայտարարություններին:

Մամեդյարովը չի բացառել, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ընտրություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդիպեն:

«Երբ մենք վերջին անգամ խոսել ենք համանախագահների հետ, հաշվի ենք առել Հայաստանում և Ադրբեջանում նախընտրական տրամադրությունները և պայմանավորվել ենք ընտրությունների էմոցիոնալ ֆոնի ավարտից հետո վերադառնալ քննարկումների շարունակմանը: Կան հետաքրքիր գաղափարներ ու լրամշակումներ, որոնք արդեն համաձայնեցված են արտգործնախարարների հանդիպմանը Կրակովում և մինչ այդ՝ Վիեննայում։ Այնպես որ մենք լի ենք էնտուզիազմով ու ցանկությամբ՝ ակտիվորեն շարունակելու բանակցային գործընթացը», - Ժնևում հայտարարել է Մամեդյարովը:

Նա ընդգծել է, որ պաշտոնական Բաքվի համար հակամարտության քաղաքական կարգավորմանն այս պահին այլընտրանք չկա:

«Քանի դեռ դիվանագետները չեն հոգնել, անհրաժեշտ է ավելի ակտիվացնել այդ գործընթացը: Բոլորը գիտեն, թե ինչ ճանապարհով է պետք գնալ, որպեսզի զորքերը վերադառնան զորանոցներ, մարդիկ վերադառնան իրենց տները և խաղաղություն հաստատվի: Մենք ցանկանում ենք բոլոր խնդիրների լուծմանը հասնել համագործակցության միջոցով», -ասել է նա:

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը, Զանգեզուրը և Սևանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողեր»: «Դա մեր ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»,- ընդգծել էր Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքերին անդրադարձել էր Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ «հիշատակված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»:

Ալիևի հայտարարության վերաբերյալ դիրքորոշում էր հայտնել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից Ֆրանսիան՝ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում փետրվարի 20-ին հրապարակած հաղորդագրությունում կոչ անելով «զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»:

Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտը նշել էր, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից: