Արևելյան Գուտայում Ռուսաստանի հայտարարած «մարդասիրական դադարի» ընթացքում ռմբահարումները չեն դադարել

Արևելյան Գուտա, 27-ը փետրվարի, 2018թ.

Սիրիայի ապստամբների վերահսկողության տակ գտնվող արևելյան Գուտայի շրջանում Ռուսաստանի հայտարարած 5-ժամյա «մարդասիրական դադարի» առաջին օրվա ընթացքում ռմբահարումները չեն դադարել:

Կողմերը միմյանց են մեղադրում՝ հրադադար խախտելու համար:

ՄԱԿ-ը, Կարմիր Խաչը հայտարարել են, որ հնարավոր չէ սիրիացիներին օգնություն հասցնել այդ պայմաններում:

Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մարդասիրական դադար» է հայտարարել Արևելյան Գուտայում, որը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ին:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էր բանաձև ընդունել՝ պահանջելով անհապաղ հրադադար սահմանել Սիրիայում, որը պետք է տևի մեկ ամիս՝ հումանիտար օգնություն հասցնելու և վիրավորներին տարհանելու հնարավորության համար:

Բանաձևը հաջորդել է Արևելյան Գուտայում օրեր տևած ռմբակոծություններին, որոնց հետևանքով, ըստ իրավապաշտպանների, ավելի քան 500 մարդ է զոհվել: Օդային հարձակումներին մասնակցում է ռուսական օդուժը, որն աջակցում է սիրիական կառավարական ուժերին: