Այսօր Հայաստանի խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի Բարձրագույն դատական խորհրդի անդամներին:
Սա նոր մարմին է, որը պետք է երաշխավորի դատարանների անկախությունը: Թեկնածուներն են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը և Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն է հանրապետության նախագահին առաջարկելու նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցմնելու հարցերը, նաև՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը:
Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները ստանձնելու օրը կդադարեն Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները։