Դատարանը թույլ չտվեց վկայություն տալ Ղուկասյանի գործով պաշտպանական կողմի հրավիրած վկային

Դատարանն այսօր չթույլատրեց Անդրիաս Ղուկասյանի գործով վկայություն տալ ընդդիմադիր գործիչ Եղիշե Պետրոսյանին, թեև նախապես հայտարարել էր այդ մասին, ծանուցել ու դատարան կանչել նրան։

Որոշումը բարկացրեց ավելի քան մեկուկես տարի ազատազրկված Ղուկասյանին ու նրա պաշտպան Կարեն Մեժլումյանին։

Նրանք հայտարարեցին, որ ընդդիմադիր գործչին միջնորդել էին հարցաքննել մեղադրանքի շինծու լինելը ապացուցելու նպատակով:

«Մեղադրող կողմի ռազմավարությունն է՝ հետաձգել էն ապացույցների ուսումնասիրությունը, որոնք բացահայտում են կեղծիքները», - ասաց Անդրիաս Ղուկասյանը: - «Ակնհայտ է, որ նման ռազմավարությունը․․․ ձեր վկաները հետո կգան: Իհարկե կգան: Կգան և կբացահայտեն ինչ ա տեղի ունեցել»:

«Այստեղ է երևում մեղադրանքի սնանկությունը, այստեղ է երևում դատարանի կողմնակալությունը: Ո՞նց, վկան էկել էր, ու չեք թողում ցուցմունք տա՞․․․ Էդ է ձեր արածը», - հավելեց նրա փաստաբանը:

Պետրոսյանի վկայությունը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց դատախազը՝ պնդելով, թե դրանով պաշտպանում է Անդրիաս Ղուկասյանի արդար դատաքննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու իրավունքը։ Մեղադրողը նաև վստահեցրեց, թե դատավարության ընթացքում Եղիշե Պետրոսյանին դեռ կլսեն, պատասխանը չբավարարեց պաշտպանական կողմին, և գործը հասավ անգամ փոխադարձ վիրավորանքներին։

Ավելի քան մեկուկես տարի ազատազրկված Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Մասնավորապես, այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության Էրեբունու գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել և խմբի անդամների հետ շարունակել պահել պատանդներին։

Պաշտպանական կողմի միջնորդությամբ, այսօր պետք է հետազոտվեին նաև 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների տեսանյութերը, ինչը սակայն, նույնպես տեղի չունեցավ․ դատավորը պատճառաբանեց, թե համապատասխան տեխնիկա չկա։

Այսքանով այսօրվա դատավարությունը ավարտվեց, դատավորը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստերին վկաների փոխարեն հարցաքննել տուժող ճանաչած ոստիկաններին։

Ընդհանուր առմամբ, այս գործով անցնում են մոտ 60 վկաներ ու ոստիկաններ, մինչև այժմ դատարանը հասցրել է լսել ընդամենը 15-ին։ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ Անդրիաս Ղուկասյանի հետ բողոքի ակցիաներին մասնակցած, այսօր վկայություն տալու հնարավորությունից զրկված Եղիշե Պետրոսյանի խոսքով, Ղուկասյանին ներկայացրած մեղադրանքը հիմնազուրկ է, իր ցուցմունքը կարող է շատ բան ջրի երես դուրս հանել։

«Տարրական բան եմ ասում՝ նույն առավոտյան ինձ են ձերբակալել նույն մեղադրանքով՝ թե ինձ տեսել են, քարեր գցել Սարի թաղում: Բայց իրականում ես Սարի թաղ չեմ հասել: Բայց էդ ցուցմունքները կան, և 12 օր ես եղել եմ ձերբակալված հիվանդանոցում: Էսպիսի մի բան էլ Անդրիասի գործն ա», - ասաց նա: