Չնայած Ռուսաստանի նախաձեռնած «մարդասիրական դադարին»` մարտերը Արևելյան Գուտայում շարունակվում են

Չնայած Ռուսաստանի կողմից Արևելյան Գուտայում «ամենօրյա մարդասիրական դադարներ» հայտարարելու մասին երեկ կայացված որոշմանը` բախումներն ու ռմբակոծություններն այս շրջանում չեն դադարում:

Մի քանի ժամ առաջ համացանցում տարածված սիրողական տեսանյութում հստակ երևում են հերթական օդային հարվածի հետևանքները: Այս տեսանյութում փրկարարները փլատակներից վիրավորների են դուրս բերում, որոնց թվում նաև երեխաներ կան:

Ռազմական գործողությունների շարունակության մասին այսօր Ժնևում հայտարարեցին նաև ՄԱԿ-ի պաշտոնյաները:

«Այսօր առավոտյան ստացված տեղեկությունների համաձայն, մարտական գործողությունները Արևելյան Գուտայում շարունակվում են: Հստակ է, որ նման իրավիճակում մարդասիրական շարասյուներ կազմակերպելու կամ վիրավորների տարհանում իրականացնելու որևէ հնարավորություն չկա», - հայտարարել է Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Յենս Լարկեն:

Մարդասիրական դադարներ նախաձեռնելու մասին որոշումը Ռուսաստանի իշխանությունները կայացրին երկուշաբթի երեկոյան Մոսկվայում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ, Արևելյան Գուտայի խաղաղ բնակչության շրջանում զոհերը բացառելու նպատակով, վաղվանից` փետրվարի 27-ից, ամենօրյա մարդասիրական դադարներ կհայտարարվեն, որոնք կշարունակվեն առավոտյան ժամը 9-ից մինչև 14-ը», -երկուշաբթի երեկոյան հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Դամասկոսի անմիջական հարևանությամբ գտնվող այս շրջանում, որը կառավարական զորքերի կողմից շրջափակման մեջ է գտնվում 2013 թվականից ի վեր, ավելի քան 400 հազար խաղաղ բնակիչ է ապրում: Արևելյան Գուտայի՝ ավելի քան մեկ շաբաթ շարունակված ռմբակոծությունների հետևանքով առնվազն 560 խաղաղ բնակիչ է զոհվել:

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, ռմբակոծություններն իրականացնում էին ինչպես Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները, այնպես էլ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը: Այժմ ահա Ռուսաստանը պնդում է, թե պատրաստ է նպաստել խաղաղ բնակիչների տարհանմանը:

«Այդ դադարների շրջանակներում նաև հստակ մարդասիրական միջանցքներ են ստեղծվել, որոնց միջոցով հումանիտար օգնություն է հասցվելու, հակառակ ուղղությամբ էլ իրականացվելու է բժշկական տարհանում: Տարհանվելու են նաև այն խաղաղ բնակիչները, որոնք նման ցանկություն կունենան», - այսօր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Վերջին ժամերին ստացվող տեղեկությունների համաձայն, սակայն, մարդասիրական միջանցքներով խաղաղ բնակիչների տարհանման տարբերակը այսօր այդպես էլ հնարավոր չեղավ կյանքի կոչել:

BBC-ի աղբյուրները պնդում են, որ Արևելյան Գուտան վերահսկող ընդդիմադիր խմբավորումները առավոտվանից գնդակոծում էին մարդասիրական միջանցքի համար նախատեսված ճանապարհը:

REUTERS-ի տեղեկություններով, մինչդեռ, Արևելյան Գուտան վերահսկող խոշորագույն ընդդիմադիր խմբավորումը` «Իսլամի բանակը» («Ջայշ ալ Իսլամը») հերքել է արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը: Խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Մոհամադ Ալուշը REUTERS-ին տված հարցազրույցում պնդել է, թե չնայած հանսգտյան օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 30-օրյա հրադադարի մասին բանաձևի հաստատմանը` Ասադի բանակը նոր ուժեր է կենտրոնացրել Արևելյան Գուտայի մերձակայքում` անցնելով լայնածավալ հարձակման:

«Անվտանգության խորհրդի կողմից թիվ 2401 բանաձևի ընդունումից երկու օր անց մարդիկ շատ ուրախ էին, քանի որ Ասադի վարչակազմը հայտարարեց, թե հարգելու է այդ փաստաթղթում տեղ գտած դրույթները: Այդ ֆոնին մեզ համար մեծ անակնկալ էր երկուշաբթի կեսգիշերից հետո մեկնարկած ցամաքային հարձակումը Գուտայում` բոլոր ճակատներում միաժամանակ», - Էր Ռիյադում հայտարարել է «Ջայշ ալ Իսլամի» քաղաքական թևի ղեկավար Մոհամադ Ալուշը: