Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձևին, որը քննադատում է Իրանին՝ Եմենում շիա ապստամբներին հրթիռներ և անօդաչու սարքեր մատակարարելու արգելքը խախտելու համար։
Անվտանգության խորհրդի 11 անդամներ կողմ են քվեարկել բանաձևին, Ռուսաստանն ու Բոլիվիան՝ դեմ, Չինաստանն ու Ղազախստանը` ձեռնպահ։
Բրիտանական բանաձևը հիմնված է փորձագետների եզրակացության վրա, որոնց համոզմամբ, անցյալ տարի Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռն իր կառուցվածքով և տեխնիկական բնութագրով համընկնում է իրանական բալիստիկ հրթիռներին։
Ի պատասխան ռուսաստանյան վետոյի, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը արգելափակում է քայլեր, որոնք ուղղված են Իրանի ապակառուցողական և վտանգավոր քայլերը կանխելուն, ապա ԱՄՆ-ին և իր գործընկերներին մնում է ոչ այլ ինչ, քան Իրանի նկատմամբ քայլեր ձեռնարկել, որոնք Մոսկվան չի կարող արգելափակել։