Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Ռուսաստանի դեսպանատան հանդիպակաց փողոցն այսօրվանից կկոչվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ընդդիմախոս, Մոսկվայում ուղիղ երեք տարի առաջ սպանված Բորիս Նեմցովի անունով:
«Վիսկոնսին» ավենյուում, որի անվանումը նշվում է ռուսաստանյան դիվանագիտական առաքելության շենքի ներկայիս հասցեում, այսօր կտեղադրվեն ընդհանուր առմամբ չորս ցուցատախտակներ, որոնց վրա գրված կլինի ինչպես նախկին, այնպես էլ նոր հասցեն։ Ռուսաստանի դեսպանատունը կարող է օգտվել այդ հասցեներից՝ իր նախընտրությամբ:
Փողոցի վերանվան հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր։
Պուտինի ամենակոշտ քննադատներից մեկը համարվող Բորիս Նեմցովի պատվին ԱՄՆ-ում փողոց անվանակոչելու առաջարկն ի սկզբանե ներկայացրել էր հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:
Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովը, ով հետագայում դարձել էր իշխող վարչակազմի կոշտ քննադատն ու անցել ընդդիմադիր ճամբար, սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին՝ Կրեմլի մոտ գտնվող «Բոլշոյ մոսկվորեցկի» կամրջի վրա:
Ռուսաստանի ամենահայտնի ընդդիմադիր գործիչներից մեկի սպանությունը մեծ ցասում և ցնցում առաջացրեց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։
Ամիսներ առաջ Մոսկվայի շրջանի ռազմական դատարանը նրա սպանության համար մեղավոր ճանաչեց մի խումբ չեչենների: Ռուսաստանյան ընդդիմադիրներն ու Նեմցովի հարազատները, մինչդեռ, վստահ են՝ հանցագործության իրական կազմակերպիչները շարունակում են մնալ ազատության մեջ:
Առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ոմ փողոց են վերանվանում՝ ի նշան խորհրդային այլախոհների կամ ռուսաստանցի ընդդիմադիրների հետ համերաշխության:
1984 թվականին, օրինակ, ԱՄՆ-ի Սենատը որոշել էր Ռուսաստանի դեսպանատան նախկին շենքի հանդիպակաց փողոցը կոչել խորհրդային հայտնի այլախոհ և իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անունով:
Բորիս Նեմցովի անունով է կոչվում նաև Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի պողոտաներից մեկը, որի վրա տեղակայված է Ռուսաստանի հյուպատոսության շենքը:
Վիլյնուսի քաղաքային իշխանությունները ևս քաղաքի փողոցներից մեկը կոչել են ռուսաստանցի սպանված ընդդիմադիր գործչի անունով: Մինչդեռ հայրենիքում սպանությունից միայն երեք տարի անց իշխանություններն ի վերջո խոստացան հուշատախտակ տեղադրել այն շենքի վրա, որտեղ ժամանակին ապրել է Նեմցովը։
Մոսկվայի իշխանությունները, հիշեցնենք, նախկինում կտրականապես մերժում էին սպանված քաղաքական գործչին նվիրված հուշատախտակ տեղադրելու առաջարկները:
Ռուսաստանցիները պահանջում են նաև Նեմցովի անունով կոչել Կրեմլի հարևանությամբ գտնվող փոքրիկ հուշատեղին՝ կամուրջը, որտեղ սպանվել է ընդդիմադիր գործիչը և որը հաճախ է դառնում գիշերային վանդալիզմի զոհ։