Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը պատմեցին, թե ինչ ակնկալիքներ ունեն մարտի 2-ին կայանալիք նախագահական ընտրություններից, ինչ փոփոխություններ են ակնկալում նոր նախագահից՝ Հանրապետական կուսակցության կողմից պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանից, և խորհրդարանում կայանալիք նախագահական ընտրությունից հետո ինչ սպասելիքներ ունեն հասարակական, քաղաքական, սոցիալական ու մշակութային ասպարեզներում:
Ստեղծագործական երկու միությունների ղեկավարները շատ ճիշտ են համարում Արմեն Սարգսյանի թեկնածության ընտրությունը:
Արմեն Սարգսյանը դեռ ստեղծագործական մտավորականության հետ հանդիպում չի ունեցել, բայց առաջիկայում նման հանդիպում տեղի է ունենալու:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյան․ - «Իհարկե, այս ասուլիսը շատ ավելի հետաքրքիր կստացվեր, եթե մենք հանդիպած լինեինք և ահագին հարցեր քննարկած լինեինք: Սակայն դեռ ժամանակ կա: Ես օպտիմիստ եմ և այս դեպքում ևս սպասում եմ դրական փոփոխություններ, զարգացումներ: Մեզ գալիս է որպես նախագահ մի մարդ, որը համաշխարհային համբավ ունի: Նա ոչ թե տեղական իմաստով մեծություն է, այլ մեծ ասպարեզ տեսած և մեծ փորձ ունեցող մարդ է, որի փորձը և հմտությունը, կարծում եմ, պետք է որ օգտակար լինի Հայաստանին»:
Կարեն Աղամյանն իր խոսքում թռուցիկ անդրադարձավ նաև Հայաստանում այսօր առկա և հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներից մի քանիսին՝ շեշտելով, որ բոլորն այս մասին ոչ միայն գիտեն, այլև ամենուրեք են խոսում: Բնականաբար, գիտի նաև Արմեն Սարգսյանը, իսկ նախագահ ընտրվելու դեպքում նա էլ անմասն չի մնալու ողջ հանրության առջև ծառացած այս խնդիրներին լուծումներ գտնելու անհրաժեշտությունից․ - «Դուրս ենք գալիս փողոց, տեսնում ենք բազմաթիվ ավտոմեքենաներ, ռեստորանները՝ լեփ-լեցուն, բայց խորքում գիտենք, թե ինչ վտանգների առաջ ենք կանգնած: Եվ այս վիճակում ընդունել երկիր և փորձել ղեկավարել, դա ոչ միայն մեծ համարձակություն է, այլև մեծ առաքելություն է, որը իր վրա է վերցնում մի մարդ, որը, կարծում եմ, ունակ է այս ինչը ղեկավարել և հստակեցնել և տանել առաջ»:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց․ - «Տարբեր կուսակցությունների, տարբեր հասարակական կազմակերպությունների, ընդհանրապես մեր հասարակության հետ և նաև միջազգային կազմակերպությունների հետ հսկայական նա փորձ ունի՝ եվրոպական պետությունների ղեկավարների, դիվանագիտական ասպարեզների հետ աշխատելով: Այդ ամենը, կարծում եմ, օգտակար կլինեն Հայաստանի համար»:
Միլիտոնյանի կարծիքով, մեր հասարակության մեջ այսօր ամենավտանգավորը անհանդուրժողականությունն է, միմյանց լսելու անկարողությունը․ - «Հայաստանում իշխանական տարբեր թևերի, հասարակություն-իշխանություն այդ կտրվածքներով մեզ անհրաժեշտ է իրար հասկանալ: Հասկացողություն, համաձայնություն: Իր դերը և որևէ իշխանական թևի դեր եկեք նժարի վրա չդնենք, այլ ընդհանուր վիճակը, մթնոլորտ ստեղծող այդ թևերը իրար հետ պիտի աշխատեն համագործակցված, ճշգրիտ»:
«Ամեն դեպքում անձն է ղեկավարում», - հավելեց Աղամյանը: - «Եվ խարիզման շատ մեծ նշանակություն ունի: Վարչապետը շատ ավելի մեծ իրավասություններ կունենա: Անկասկած: Պառլամենտական երկիր ենք, սրանից երևի ինչ-որ բան է բխում: Բայց և ունենք պրեզիդենտ: Ի՞նչ է, կարծում եք պրեզիդենտը որևէ դեր չպե՞տք է ունենա: Անկասկած պետք է ունենա: Ես չեմ կարծում, որ այս դեպքում Արմեն Սարգսյանի դերը շատ փորքր է, կարծում եմ՝ շատ մեծ է: Հաշվի առնելով նաև նրա ունակությունները և նրա փորձը»: