Սուրբ Հարության տաճարի դռների փակումը «բավական արդյունավետ միջոց է»

Արդեն երկրորդ օրն է, ինչ քրիստոնեական աշխարհի ու ուխտավորության ամենակարևոր սրբավայրերից մեկի՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները փակ են:

Երեկ կեսօրին Երուսաղեմի երեք իրավատեր քրիստոնեական համայնքների հոգևոր պետերը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Հույն պատրիարք Թեոֆիլոս Երրորդն ու Լատինաց Ս. Երկրի Քուստոս Ֆրանչեսկո Պատոնն ի նշան բողոքի փակեցին Ս. Հարության տաճարի դռներն և տաճարի մուտքի առջև ընթերցեցին երեքի կողմից ստորագրված հայտարարությունը:

Այս հայտարարության տեքստի մի հատվածը երեք հարանվանությունների ղեկավարները դեռևս հրապարակել էին անցյալ տարվա սեպտեմբեր ամսին:
Հայտարարությունը շատ խիստ ձևով քննադատում է Իսրայելի Քնեսետի ու Երուսաղեմի քաղաքապետարանի հակաքրիստոնեական դիրքորոշումը քրիստոնեական համայնքի ու քրիստոնեական եկեղեցիների դեմ: Նրանք մեղադրում են հրեական իշխանություններին գործող ստատուս քվոյի խախտման և քրիստոնյաների իրավունքների ոտնահարման մեջ:

«Հիմա տաճարի դուռը փակ է՝ ի նշան բողոքի: Հոգևոր պետերը բողոքում են երկու որոշման դեմ: Առաջինը քաղաքապետարանի որոշման դեմ, որը հրահանգվել է Սուրբ երկրի քրիտոնյա համայնքների եկեղեցիներից ու վանքերից հարկ գանձել, ինչից դարեր շարունակ քրիստոնեական համայնքները ազատված են եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի ու ընծայարանի տեսուչ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Խոսքը «Առնոնա» կոչվող հարկի մասին է, որը տարիներ շարունակ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է գանձել Երուսաղեմի քրիստոնեական համայնքներից ու այժմ նույնիսկ ավելի հեռուն գնալով եկեղեցական ունեցվածքի բռնագրավման, բանկային հաշիվների սառեցման ճանապարհով է ուզում գանձումներ իրականացնել Երուսաղեմի քաղաքապետարանի ղեկավարությունը: Այս մասին, մասնավորաբար, նշվում է քրիստոնյա առաջնորդների հայտարարության մեջ:

«Իսկ երկրորդը», - շարունակեց Կորյուն վարդապետը, - «հոգևոր պետերը բողոքում են այն օրինագծի դեմ, որը ներկայիս շրջանառվում է Քնեսետում: Երեկ պետք է քննարկում տեղի ունենար, բայց եկեղեցու դռները փակելու պատճառով մի շաբաթով հետաձգվել է այդ քննարկումը»:

Այդ օրինագծով, եթե Երուսաղեմի քրիստոնյա համայնքներն իրենց հողերը վարձակալության տան որևէ երրորդ կողմի՝ կազմակերպության կամ անհատի, այլ ոչ թե կառավարության հավանությանը արժանացած կազմակերպության ու առանց Քնեսետի նոր ստեղծվելիք հանձնաժողովի ու կառավարության համաձայնությունը ստանալու, ապա այդ հողերը բռնագրավվելու են հօգուտ Իսրայելի․ - «Հիմնականում այդ երկու հարցերի առումով էր, որ ի նշան բողոքի փակվեց եկեղեցին: Որովհետև Քնեսետի քննարկումը ընդամենը մի շաբաթով է հետաձգվել, իսկ մեր պահանջն է, որ այդ օրինագիծը ընդհանրապես չեղարվի: Եվ երկրորդը, որ քաղաքապետարանի այդ որոշումը չեղարկվի․ ինչպես որ դարեր շարունակ եղել է ավանդություն, որ եկեղեցիներն ու վանքերը ազատված են եղել հարկ վճարելուց, շարունակվի այդ ավանդությունը»:

Հայ հոգևորականի կարծիքով, Սուրբ Հարության տաճարի դռների փակումը բավական արդյունավետ միջոց է:

Հարցին, թե կա արդյոք արձագանք քրիստոնեական աշխարհից, հնչո՞ւմ են համերաշխության կոչեր, թե՞ քննադատում են պատրիարքների որոշումը քրիստոնյա ուխտավորների դիմաց դռները փակելու որոշման հետ կապված, Կորյուն վարդապետ Բաղդասարյանը պատասխանեց․ - «Այս պահին բավական դրական է արձագանքը: Ոչ մի քննադատություն չենք տեսել, միայն մեզ աջակցող հայտարարություններ ենք լսել»: