«Անկարան պաշտոնապես դիմել է Չեխիայի իշխանություններին`սիրիացի քրդերի նախկին ղեկավար Սալեհ Մուսլիմին արտահանձնելու պահանջով».- թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամաբ, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
«Թուրքիայի արդարադատության նախարարը երեկ Պրահային է փոխանցել արտահանձնմանը դիմումը: Այսօր արդեն Մուսլիմը կկանգնի [չեխական] դատարանի առջև,որն էլ վճիռ կկայացնի»,- նշել է Բոզդաղը` հավելելով, թե Անկարայում ակնկալում են, որ չեխական կողմը դեմ չի լինի քուրդ գործչի արտահանձնմանը: «Մեր երկրների միջև հետախուզման մեջ գտնվող անձանց արտահանձնման մասին պայմանագիր է գործում»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը:
Սիրիացի քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին առաջնորդը ձերբակալվել էր երեկ Չեխիայի մայրաքաղաքում` «Ինտերպոլի» թուրքական գրասենյակի պաշտոնական հայցի հիման վրա: Թուրքական կողմը պնդում է, որ «Ժողովրդավարական միությունը» ահաբեկչական կառույց է և հանդիսանում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական մասնաճյուղը: