Ռուսաստանում Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթեր ու հավաքներ անցկացվեցին

Ռուսաստան - Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթը Մոսկվայի կենտրոնում, 25-ը փետրվարի, 2018թ․

Կիրակի օրը ռուսաստանյան շուրջ երեք տասնյակ քաղաքներում՝ այդ թվում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, անցել են ընդդիմադիր գործիչ, Կրեմլի քննադատ, Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթեր ու հավաքներ:

Ռուսաստանցիները Նեմցովի հիշատակի երթին հավաքվում են ամեն տարի: Այս տարի, տարբեր աղբյուրների տվյալներով, միայն Մոսկվայում փողոց էր դուրս եկել շուրջ 7․5 հազար մարդ, ինչը կրկնակի պակաս է, քան անցած տարի: Կազմակերպիչներից Իլյա Յաշինը, սակայն, «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է, որ ավելի շատ մարդ էր մասնակցում երթին, քան անցած տարի:

«Շատ ուրախալի է, որ այսօր ավելի շատ մարդ կա, քան անցած տարի: Մարդիկ չեն մոռանում Նեմցովին: Մեր հասարակությունը պահանջում է իշխանություններից, որ դատարանի առջև կանգնեն այդ քաղաքական սպանության իրական պատվիրատուները», - հայտարարել է Յաշինը:

Հիշեցնենք, Բորիս Նեմցովին սպանել են 2015 թվականի փետրվարի 27-ի գիշերը՝ Կրեմլի պարսպին հարող կամրջի վրա: Մոսկվայի դատարանի վճռով Նեմցովի սպանության գործով մեղավոր են ճանաչվել և երկարատև ազատազրկման են դատապարտվել հինգ տղամարդ Չեչնիայից, սակայն Նեմցովի իրավահաջորդները պնդում են, որ դատարանը չի բացահայտել սպանության իսկական պատվիրատուներին:

Հիշատակի երթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հուշատախտակ կտեղադրվի այն շենքի վրա, որտեղ ժամանակին ապրել է Բորիս Նեմցովը: Հուշատախտակի տեղադրման առաջարկը ներկայացրել էր Ռուսաստանի նախագահի թեկնածու, լրագրող Քսենիա Սոբչակը:

Մոսկվայի իշխանությունները, հիշեցնենք, նախկինում կտրականապես մերժում էր Նոմցովին նվիրված հուշատախտակ տեղադրելու առաջարկները:

Ռուսաստանցիները պահանջում են նաև Բորիս Նեմցովի անունով կոչել կամուրջը, որի վրա սպանվել է ընդդիմադիր գործիչը և որտեղ հիշատակի անկյուն կա մինչ օրս: Ամեն օր այստեղ մարդիկ են գալիս, ամեն օր ծաղիկներ են բերում: Քաղաքի իշխանությունը պարբերաբար հավաքում է այդ ծաղիկները, Նեմցովի լուսանկարները, մարդիկ, սակայն, նորից են գալիս և նորից բերում, ու կամրջի վրա շուրջօրյա հերթապահություն են կազմակերպել Նեմցովի աջակիցները արդեն երեք տարի:

Երեկվա երթին մարդիկ եկել էին «Նեմցովը Ռուսաստանի հերոսն է, Պուտինը՝ թշնամին» գրությամբ պաստառներով: Երթի առաջին շարքերում էին նախագահի թեկնածուներ Քսենիա Սոբչակը, Գրիգորի Յավլինսկին, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ կնոջ հետ, ընդդիմադիրներ Միխայիլ Կասյանովը, Իլյա Յաշինը:

Հավելենք՝ կիրակի օրը Մոսկվայում շատ ցուրտ էր, երթի ժամին՝ -16 աստիճան Ցելսիուսի սանդղակով: