ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Սիրիայում հրադադար հաստատելու բանաձևին

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին ելույթ է ունենում Անվտանգության խորհրդում, Նյու Յորք, 22-ը փետրվարի, 2018թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ միաձայն կողմ է քվեարկել Սիրիայում հրադադար հաստատելու բանաձևին:

Ըստ բանաձևի, 30 օրով հրադադար կսահմանվի, ինչը կընձեռի մարդասիրական օգնություն բաժանելու և վիրավորներին ռազմական գործողությունների գոտուց դուրս բերելու հնարավորություն:

«Բանաձևի ընդունումը կենսական կարևորություն ունի։ Յուրաքանչյուր րոպեն կարևոր է մարդկանց կյանքը պահպանելու համար։ Հարկավոր է անմիջապես գործի անցնել»,- ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրեն։

Վերջին մեկ շաբաթվա ընթցքում Արևելյան Գուտայում Սիրիայի կառավարական բանակի ռմբակոծությունների արդյունքում զոհվել է ավելի քան 500 խաղաղ բնակիչ։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին ասել է՝ բանաձևը կարելի էր ավելի վաղ ընդունել՝ պահպանելով հարյուրավոր կյանքեր։

Նշենք, որ բանաձևի քվեարկությունը մի քանի անգամ հետաձգվել է: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել է, որ «Ռուսաստանը, Իրանը և Սիրիայի կառավարությունը պատասխանատվություն են կրում Սիրիայում ամոթալի մարդասիրական վիճակ ստեղծելու համար»:

Ռուսաստանն ավելի վաղ քննադատել է Անվտանգության խորհրդին առաջարկված բանաձևի նախագիծը, հայտարարելով, թե այն «իրատեսական չէ և հաշվի չի առնում հակամարտության գոտում «Իսլամական պետության» զինյալների գտնվելու հանգամանքը»: