Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ բանկից գումարներ հափշտակող հանցախումբ․ դատախազություն

Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժինը այսօր հաղորդում է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման մասին:

Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 20-ին Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ Գ. Ստեփանյանը ոստիկանության Արարատի բաժին հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ հունվարի 22-ին «Արդշինբանկի» Վեդի քաղաքի մասնաճյուղում իր անվամբ գրավադրվել են նույն քաղաքի բնակիչ ոմն Վրեժի կողմից իրեն տրված 224 գրամ ոսկու ձուլակտորներ, որոնց դիմաց տրված 5029 դոլարը բանկից ստացել է Վրեժը և որպես պարգևավճար իրեն է տվել 120 հազար դրամ: Դրանից հետո վարկի տոկոսագումարի վճարման օրը Վրեժը հայտնել է, որ որևէ գումար իրեն չի տրամադրի, ցանկության դեպքում կարող է գրավադրված ոսկին թողնել բանկի տնօրինությանը, ինչից հասկացել է, որ նշված 224 գրամ ոսկու ձուլակտորները կեղծ են:

Նույն օրը «Արդշինբանկի» գլխամասից ստացվել է Ստեփանյանի կողմից ոսկու գրավադրման և վարկի ձևակերպման գործընթացի տեսագրությունը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինս գրավի առարկա հանդիսացող ոսկու ձուլակտորները չի տեսել, դրանք նախապես բանկի ոսկերիչին է տվել Վեդի քաղաքի բնակիչ ոմն Վրեժը և պայմանագիրը կնքելուց հետո հենց վերջինս էլ բանկի դրամարկղից ստացել է 5029 դոլարն ու բանկից դուրս եկել՝ 120 հազար դրամ տալով Ստեփանյանին:

Դեպքի առթիվ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից փետրվարի 21-ին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ընդունվել է Քննչական կոմիտեի Արարատի մարզի Վեդիի քննչական բաժնի վարույթ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ նույն մեխանիզմով ևս երկու անձանց անվամբ նույն մասնաճյուղում վարկեր են ձևակերպվել: Պարզվել է նաև, որ ոսկու ձուլակտրոները Վրեժ. Հ.-ին են տվել Ա. և Ա. Թաթոսյան եղբայրները՝ Գ. Սարդարյանի միջնորդությամբ, ասված է հաղորդագրությունում:

Փետրվարի 23-ին «Արդշինբանկի» Վեդու մասնաճյուղից առգրավվել են Գ․ Ստեփանյանի և Տ. Ղուկասյանի անվամբ գրավադրված ոսկու ձուլակտորները և նույն օրը նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Համաձայն ստացված եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված դեղնավուն երանգի մետաղից պատրաստված ձուլակտորները պատրաստված են պղինձ-ցինկ համաձուլվածքից, ոսկու պարունակությունը դրանց մեջ կազմել է 4,9 տոկոս:

«Վաղարշ և որդիներ կոնցեռնի» տարածքում տեղակայված Ա. և Ա. Թաթոսյան եղբայրներին պատկանող տաղավարների խուզարկությամբ հայտնաբերվել են ևս երկու նմանատիպ ձուլակտորներ:

Գ. Ստեփանյանը, Ա. և Ա. Թաթոսյաններն ու բանկի ոսկերիչ Պ. Մանուկյանը ձերբակալվել են: Միջոցներ են ձեռնարկվում Գ. Սարդարյանի տեղը պարզելու և նշված հանցավոր խմբի կողմից տուժած այլ քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով, հաղորդում է դատախազությունը: