Իսրայելում ԱՄՆ դեսպանության փոխադրումը Երուսաղեմ տեղի կունենա մայիսին

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Երուսաղեմում, 23-ը հունվարի, 2018թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երեկ հայտնել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատան փոխադրումը Թել Ավիվից Երուսաղեմ տեղի կունենա այս տարվա մայիսին:

Դա կհամընկնի Իսրայելի անկախ պետության ստեղծման 70-ամյակին:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ գովեստով է խոսել Սպիտակ տան որոշման մասին:

«Դա Իսրայելի 70-ամյակի համազգային տոնակատարությանն է՛լ ավելի մեծ ուրախություն կհաղորդի», - ասել է Նեթանյահուն:

Թրամփի որոշումը զայրացրել է պաղեստինցիներին և ամբողջ արաբական, ինչպես նաև մահմեդական աշխարհին:

Միջազգային համայնքը, այդ թվում՝ Եվրամիության երկրները, Ռուսաստանը, Չինաստանը և ազդեցիկ այլ դերակատարներ, մտադիր են իրենց դեսպանությունները պահպանել Թել Ավիվում: