Արագածոտնի մարզի Արագածի գյուղի՝ 1960-ականներին հիմնված հիվանդանոցը, որը սպասարկում է նաև հարակից մի քանի գյուղերի բնակչությանը, տարիներ շարունակ չի վերանորոգվել, խոնավ է:
Տնօրեն Գեղամ Գրիգորյանի խոսքով՝ պետության ֆինանսավորումը բավականացնում է միայն աշխատակազմը պահելուն։ «Բայց ավել քայլ չենք կարողանում անել, այսինքն՝ նոր սարքավորում ձեռք բերել, վերանորոգել, և այլն, և այլն: Կարողանում ենք ընդամենը էս եղածը պահենք առայժմ ու քայլ-քայլ գնանք առաջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
Տնօրենը վստահեցնում է՝ առողջության կազմակերպումը իրենց մոտ նորմալ հիմքերի վրա է, մասնագետների պակաս չունեն, խնդիրները նյութական են․ - «Ուղղակի խնդիրներ կան՝ նյութական, որպեսզի մենք մեր ուզած ձևով կառուցենք էս հիվանդանոցը, ունենանք համապատասխան սարքավորումներ: Բժիշկներ ունենք՝ լավ թերապևտ, մանկաբույժ, գինեկոլոգ, լաբորանտ, ստոմատոլոգ, բուժանձնակազմը համալրված է ամբողջությամբ: Ուղղակի ունենք որոշակի խնդիրներ՝ նյութատեխնիկական բազան է թույլ մեր»:
Թեև տնօրենը պնդում է, որ հիվանդանոցում բժիշկների կարիք չկա, սակայն եթե նրանցից մեկը բացակայի, փոխարինող չունեն։ Օրինակ՝ հիվանդանոցին կից գործող ծննդատունը արդեն մի քանի շաբաթ փակ է․ բժիշկն առողջական խնդիրներ ունի։
«Ամսական միջինը ունեցել ենք 15 ծնունդ նախկինում: Երկու-երեք [բժիշկ] պահելու համար նորմալ ֆինանսավորում պետք է ունենաս, որ քաղաքից գան գյուղում գոնե մի 150 հազար աշխատավարձ ստանան, աշխատեն: Էս սարի գլուխ՝ ինչ հնարավոր է՝ անում ենք, էլի», - նշեց Գեղամ Գրիգորյանը:
Հիվանդանոցում նաև սարքավորումները նորացնելու խնդիր կա։ «Բոլոր կլինիկաները ստանում են քաղաքի, իսկ գյուղերում՝ պիտի ես լավ ընկերներ ունենամ, լավ ծանոթներ, ճարեմ, բերեմ, որ սպասարկենք մեր բնակչությանը», - ընդգծեց տնօրենը:
Արագածում աշխատում են նաև Երևանից ժամանած բժիշկներ։ Օրինակ՝ թերապևտ Հովսեփ Այվազյանը 20 տարի զինվորական ծառայությունից հետո որոշել է քաղաքացիական ծառայությունը Արագածից սկսել։ Ասում է՝ գյուղացիներին արդեն հարմարվել է։
«Շատ լավ համայնք է, նորմալ վերաբերմունք՝ որպես հիվանդը բժշկի հետ: Շենքային պայմանները բժշկին խանգարում են, որովհետև եթե բժիշկը վերանորոգված հաստատությունում չի աշխատում, արդեն իր մասնագիտության հետ կապված, և հիվանդների հավատը դեպի բժիշկը, կարելի է ասել, կորչում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Այվազյանը:
Բժիշկների խոսքով՝ Ապարանի շրջանի այս գյուղերում ավելի տարածված են սիրտ-անոթային հիվանդությունները, քաղցկեղը։ Վերջին շրջանում էլ տարածում է գտել շաքարային դիաբետը։
Արագածի հիվանդանոցի մասին «Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի թողարկումը կարող եք դիտել այստեղ․