Նալբանդյան․ Եվրամիությունը բազմիցս հիշատակել է երեք սկզբունքները՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք

Եվրամիությունը ոչ միայն իր լիակատար աջակցությունն է հայտնում եռանախագահների ջանքերին և մոտեցումներին, այլ նաև բազմիցս հիշատակել է հենց այս երեք սկզբունքները՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ համատեղ ասուլիսին:

Պատասխանելով լրագրողին հարցին՝ «վերջին օրերին Ադրբեջանում պնդում են, թե Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի հռչակագրում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց համար չափազանց կարևոր և էական դիտարկումներ կան տարածքային ամբողջականության մասին», Նալբանդյանը, մասնավորապես, ասել է․ ֊ «Գիտեք այն հեքիաթի հայտնի հերոսին, ով, մենակության մեջ հայտնվելով, վախից սկսում է բարձր գոռալ: Նույնը միգուցե Ադրբեջանն է անում։ Կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերբերյալ եռանախագահող երկրների մոտեցումը, որը վայելում է ԵՄ լիակատար աջակցությունը: Դրա մասին բազմիցս հայտարարվել է: Նաև հայտարարվեց Բրյուսելի գագաթաժողովի շրջանակներում տիկին Մոգերինիի հետ մեր համատեղ հայտարարության ընթացքում: Հայտնի է նաև եռանախագահող երկրների մոտեցումը: Իմիջիայլոց, մի քանի օր առաջ, երբ համանախագահներն այցելեցին տարածաշրջան, նոր հայտարարությամբ հանդես եկան, որը նորից ու նորից կրկնեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա: Եվրամիությունը ոչ միայն իր լիակատար աջակցությունն է հայտնում եռանախագահների ջանքերին և մոտեցումներին, այլ նաև բազմիցս հիշատակել է հենց այս երեք սկզբունքները՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք:

Դրա մասին էր ասված նաև Բրյուսելին նախորդած գագաթաժողովի ժամանակ, երբ հղում էր կատարվում եռանախագահող երկրների նախագահների հայտնի հինգ հայտարարություններին, իսկ Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ վերահաստատվում էր այն, ինչ ասվել էր նախորդ համաժողովների հռչակագրերում»: