Իշխող Հանրապետականի և ՀՅ Դաշնակցության պատգամավորներն այսօր Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրեցին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:
Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ առաջադրման համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն ուղարկել են Ազգային ժողովի քարտուղարություն։
Նշենք, որ փոփոխված Սահմանադրության համաձայն, երկրի նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, սակայն իշխող կոալիցիան կրկնապատկել է այդ թիվը և մոտ 60 ստորագրություն է հավաքել:
Ինչպես նշեց Հանրապետական խմբակցության ղեկավարը, բոլորը ցանկություն են հայտնել ստորագրել։ «Այո՛, մենք արդեն փաստաթղթերն ուղարկեցինք քարտուղարություն՝ համապատասխան բոլոր փաստաթղթերը, հիմա ստուգում է գնում փաստաթղթերի, և կանոնակարգով եթե որևէ թերություններ կլինեն փաստաթղթերում, դրանք 24 ժամվա ընթացքում կվերացվեն։ Հիմնական գործընթացն արդեն ավարտված է, և մնում են ընտրությունները», - ասաց Բաղդասարյանը։
Նշենք, որ առաջադրումից առաջ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում հանդիպել է Հանրապետականի և ՀՅ Դաշնակցության պատգամավորներին, ինչպես տեղեկացրեց դաշնակցական Աղվան Վարդանյանը, Սարգսյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել է պատկերացումները նախագահի պաշտոնում իր գործունեության, Հայաստանի զարգացման ու մարտահրավերների շուրջ:
Աղվան Վարդանյանը տպավորված էր Արմեն Սարգսյանի ելույթից, ասաց, որ այն բխում էր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցանկությունից և պատկերացումից:
Ի դեպ, նկատենք՝ Արմեն Սարգսյանն այսօր խուսափեց լրագրողներից, նա դահլիճ մտավ ներքին մուտքով և այդպես էլ հեռացավ:
«Ազատություն». - Ինչ կասեք այն պնդումներին, որ Արմեն Սարգսյանն իրականում ոչ թե ՀՅ Դաշնակցության, Հանրապետականի պատգամավորների թեկնածուն է, այլ մեկ մարդու՝ տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի թեկնածուն է։
Վարդանյան. - Կա Հանրապետական կուսակցություն՝ իր առաջնորդով, կա Դաշնակցություն, և նա այսօր արդեն իսկ նաև ֆորմալացված երկու խմբակցությունների պատգամավորների համատեղ թեկնածուն է։ Բովանդակությանը նայենք՝ այն պատկերացումները, որ ունի Արմեն Սարգսյանն, ամբողջովին համահունչ են Աղվան Վարդանյանի պատկերացումներին մեր երկրի ապագայի հանդեպ և իր գործառույթների վերաբերյալ, և այդպես վստահ եմ տասնյակ ու տասնյակ պատգամավորների, ինչո՞ւ եք մասնավորեցնում։
«Ազատություն» - Ում էլ Սերժ Սարգսյանը ներկայացներ, համահունչ էր լինելու Ձեր պատկերացումներին։
Վարդանյան. - Դուք սխալվում եք։ Հարգելի լրագրողներ, սիրելի լրագրողուհիներ, կար թեկնածու առաջադրելու խնդիր, դուք այլ կերպ ինչպե՞ս էիք պատկերացնում։ Հանրապետության նախագահը քննարկել է կուսակցության ներսում և առաջադրել է մի թեկնածու, եթե ուրիշ թեկնածու լիներ, էլի նույն էիք ասելու։
«Ազատություն». - Բայց Դուք էլի ասելու էիք՝ շատ լավն է, համապատասխանում է, գտնված է։
Վարդանյան. - Ո՛չ, Դուք էիք նույնն ասելու, բայց այս պարագայում ընտրված է մի թեկնածու, որն իր և՛ փորձառությամբ, և՛ մարդկային հատկություններով, և՛ կենսագրությամբ, բոլոր որակներով կարծում եմ...
«Ազատություն». - Անփոխարինելի է։
Վարդանյան. - Անփոխարինելին դուք եք՝ լրագրողներդ։
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Ինչպես տեղեկացրեց իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարը, ըստ ընթացակարգի, նախագահի թեկնածուի առաջադրումից հետո, հաջորդ շաբաթ, մարտի 1-ին կսկսվեն նախագահի ընտրության շուրջ քննարկումները, Արմեն Սարգսյանը հանդես կգա ելույթով, պատգամավորները նրան հարցեր կտան և, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին խորհրդարանը կընտրի Հայաստանի 4-րդ նախագահին:
«Ինձ թվում է 1-ին չենք կարող ավարտել, որովհետև ելույթները, հարցուպատասխաններն, ինձ թվում է, բավականին շատ կլինեն։ Ամենայն հավանականությամբ՝ մեր հաշվարկով, քվեարկությունը կլինի ամսի 2-ին», - ասաց Բաղդասարյանը։
Ի դեպ, նախագահի ընտրության քվեարկությունը փակ գաղտնի է լինելու, այնպես որ Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ Արմեն Սարգսյանին կարող են կողմ քվեարկել անգամ «Ելք»-ի պատգամավորները, թեև ընդդիմադիր դաշինքը նախապես հայտարարել է, որ դեմ է քվեարկելու:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշմանն, ապա Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե դեռևս տեղյակ չէ՝ ինչ որոշում կկայացնի ընդդիմադիր այդ ուժը, ամեն դեպքում վստահեցրեց՝ Հանրապետականն այդ հարցի շուրջ Գագիկ Ծառուկյանի հետ որևէ բանակցություն չի վարել։
«Ծառուկյան» դաշինքի հետ բավական հետաքրքիր և երկար հանդիպում է ունեցել նախագահի թեկնածուն, ընդ որում, ես պետք է ասեմ, որ անձամբ որևէ բանակցություն, կամ որևէ նմանատիպ առիթ չենք ունեցել մենք այդ հարցը քննարկելու «Ծառուկյան» դաշինքի հետ, բայց նախագահի թեկնածուի հետ հանդիպումից հետո տպավորությունները եղել են դրական։ Մենակ այդքանը կարող եմ ասել, իսկ իրենց քաղաքական ուժը կկայացնի իրենց որոշումը », - ասաց Բաղդասարյանը։
Հարցին, թե կարծում է, որ խնդիր չի՞ լինի և «Ծառուկյան» խմբակցությունը կո՞ղմ կքվեարկի իրենց թեկնածուին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Դեպքերից առաջ չընկնենք։ Ես չեմ կարող ասել, թե «Ելք»-ն ինչպես կքվեարկի, կարող է նրանք էլ կողմ քվեարկեն, դա փակ գաղտնի քվեարկություն է և այստեղ ենթադրություններ, եզրակացություններ անելը տեղին չէ, մենք կսպասենք մինչև արդյունքներն ամփոփվեն։ Համենայն դեպս միշտ բոլորիս ցանկությունն է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը լայն համաձայնության դաշտում ընտրվի, որովհետև դա նաև նրա հետ կապված, նրա կայացման, հաստատման հետ կապված բավականին նշանակություն ունի, և նաև միջազգային հանրության նրա իմիջի հետ կապված, ցանկալի է, որ մեր երկրի նախագահը լայն համաձայնության դաշտում ընտրվի Հայաստանի Հանրապետության նախագահ»։
Նկատենք՝ Արմեն Սարգսյանին առաջին փուլով ընտրելու համար անհրաժեշտ է 79 ձայն, մինչդեռ Հանրապետականը՝ ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ իշխող կոալիցիան առանց «Ծառուկյան» դաշինքի օգնության առաջին փուլով ընտրություն անելու հնարավորություն չի ունենա: