Հայաստան է ժամանել Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարարը

Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիա, արխիվ

Այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Գասպարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծել առարկայական արդյունքները, որ արդեն իսկ արձանագրել է երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը: Նա հավաստել է ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և կարևորել երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը:

ՀՀ ոստիկանության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Գախարիան համոզմունք է հայտնել, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ պայմանավորված մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ:

Հանդիպման ավարտին Հայաստանի ոստիկանապետը Վրաստանի ներքին գործերի նախարարին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: