Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր կանխարգելիչ գործոն է. դեսպան

Նիդերլանդների խորհրդարանի շենքը, արխիվ

Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև կարևոր կանխարգելիչ գործոն է ընդհանրապես աշխարհում նման ոճրագործությունների չկրկնման համար։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

«Որոշումը շատ էական էր հայ ժողովրդի համար։ Ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած պետության կողմից՝ այդ թվում նաև այդպիսի պետություն, ինչպիսին է Նիդերլանդները, որն առաջատար դիրքեր է աշխարհում գրավում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դրանց առաջմղման հարցերում և այսօր հանդիսանում է միջազգային դատարանները հյուրընկալող պետությունը, նման պետության կողմից, նման պետության խորհրդարանի կողմից նմանատիպ բանաձևի ընդունումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչքանով է կարևոր ցեղասպանության հանցագործության դատապարտումը և այդ առումով հենց Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ որպես կանխարգելիչ նաև գործոն ընդհանրապես աշխարհում նման ոճրագործությունների չկրկնման համար», - ասաց Աղաջանյանը։

Նշենք, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը երեկ քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

Ըստ առաջինի, Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը։ Ըստ երկրորդի, ​այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:

Քվեարկությունից անմիջապես հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց՝ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը։

«Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին», - նշված է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունում։

Պաշտոնական Անկարան դատապարտել է Նիդերլանդների խորհրդարանի որոշումները:

Թուրքիան, հիշեցնենք, ջանում էր կանխել այս օրինագծերի ընդունումը։ Անցած շաբաթավերջին այս հարցի շուրջ պաշտոնական Անկարայի դժգոհությունը արտահայտելու համար արտգործնախարարություն էր հրավիրվել Նիդերլանդների գործերի հավատարմատարը։