Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

«Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը հասել է նրան, որ չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ այս սկզբունքային մոտեցումը», - փետրվարի 22-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդունելով Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցերի, մտքեր փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վերաբերյալ:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրել է վերջերս Բաքվում ունեցած հանդիպումների մասին։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հունվարին Կրակովում եռանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնման իրագործման կապակցությամբ։ - «Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո, ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները Բաքվում էին, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նշել է, որ եռանախագահները տարածաշրջանային վերջին այցի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտել են գագաթաժողովներին ստանձնած հանձնառությունների իրագործման անհրաժեշտությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ անվերապահ սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս դիրքորոշմանը։

Նախարար Նալբանդյանը կարևորեց նաև Եվրոպական Միության հետևողական դիրքորոշումն` ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմք հանդիսացող միջազգային իրավունքի երեք սկզբունքներին` ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքին։ - «Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը հասել է նրան, որ չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ այս սկզբունքային մոտեցումը», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը:

Տոյվո Կլաարը վերահաստատել է Եվրոպական Միության աջակցությունն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությանը, նրանց առաջարկություններին։