Սերժ Սարգսյանը այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ, այսօր այցելել է պոլիտեխնիկական համալսարան:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը կրթության և գիտության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների, պաշտպանության նախարարի տեղակալի և համալսարանի ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական կենտրոնում, որով այս բուհում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմք է դրվում:

Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համակարգերով:

Կենտրոնի ստեղծումը իրականություն է դարձել Հանրապետության Նախագահի աջակցությամբ, «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի նվիրաբերության և պոլիտեխնիկական համալսարանի համաֆինանսավորման արդյունքում։