Վիգեն Սարգսյան․ Բաքվի վարքագիծը չի նպաստում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ներկայացնելով պետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արված ռազմատենչ հայտարարություններին՝ Սարգսյանը, պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, նաև ընդգծել է․ - «Նման հայտարարություններ անելու համար մեծ իմաստություն չի պահանջվում, ճիշտ հակառակը` իմաստության բացակայությունը նպաստում է սեփական ժողովրդի համար անդառնալի հետևանքներ ունեցող սադրանքների քարոզչությանը»:

Հայաստանի պաշտպանության նախարարը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչը կարևորել են նման հայտարարություններին միջազգային հանրության պատշաճ արձագանքը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Բարձր գնահատելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները և ողջունելով Տոյվո Կլաարին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, Սարգսյանը կարևորել է Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում և քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը հստակ արտահայտված է Հայաստան-Եվրոպական Միություն շրջանակային համաձայնագրում:

Տոյվո Կլաարն իր հերթին ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Եվրամիության դիրքորոշումը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, մասնավորապես, թե Երևանը և Զանգեզուրը իրենց «պատմական տարածքներն են», և ադրբեջանցիները «պետք է վերադառնան այդ պատմական հողը»: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զառանցանք է որակել այդ հայտարարությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել դրանց վրա: