Նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստանի մնացել է գրեթե նույն տեղում՝ 35 միավորով Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ կիսում է նույն հորիզոնականը:
«Հայաստանի համաթիվը 2-ով մեծացել է նախորդ տարվա համեմատ: Այդ տարբերությունը վիճակագրական շեղման սահմանների մեջ է: 33 էր․ եթե դառնար 37 կամ 38, մենք նոր կարող էինք ասել, որ բարելավում եղել է», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թրանսպարենսի ինտերնեյշլ հակակոռուպցիոն կենտրոնի ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Նրա փոխանցմամբ, կոռուպցիայի ընկալման համաթիվը ստեղծվում է հանրային սեկտորի հետ առնչվող գործարարների և փորձագետների հետ հարցումների հիման վրա, և համարվում է բավական վստահելի ցուցանիշ․ - «Եվ սա ոչ թե շարքային քաղաքացիներինն է, որպեսզի հետագային չլինի, ասենք, խոսակցություն, որ շարքային քաղաքացիները մեր մոտ սոված են, աղքատ են և պարզ է, վատ կընկալեն: Ո՚չ: Սա փորձագետների և գործարարների ընկալումն է: Ընդ որում՝ ոչ միայն հայաստանցի փորձագետների և գործարարների ընկալումն է»:
Ըստ կոռուպցիայի ընկալման համաթվի 100 միավորանի սանդղակի, որքան ցածր է պետության ցուցանիշը, այնքան բարձր է այդ երկում կոռուպցիայի ընկալումը, և նույնքան լուրջ են խնդիրները․ - «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սովորաբար եթե համաթիվը 50-ից ներքև է, կոռուպցիան հանդիսանում է լուրջ խնդիր՝ ընդհուպ մինչև համակարգային լինելը»:
Հայաստանի իշխանություներն վերջին տասնամյակի ընթացքում շարունակ խոսել են կոռուպցիայի դեմ անողոք պայքար տանելու անհրաժեշտության մասին։
Հունվարի վերջին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց՝ Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է մի քանի օրենքներ:
«Ցավոք սրտի, մեր աշխատանքները մեծ արդյունքներ չեն տվել, և այդ զազրելի երևույթը գոյություն ունի նաև Հայաստանում: Ամեն տարի Հայաստանում անգամներով ավելի շատ քրեական գործեր են հարուցվում և դատավճիռներ են կայացվում՝ կապված կոռուպցիոն հանցագործությունների հետ», - ասել էր նախագահը:
«Տասնամյակի պայքար կոռուպցիայի դեմ նկատելի չէ, բայց վերջին տարվա օրեսդրական բարելավումներն տեսանելի են», - նկատում է Հոկտանյանը՝ հավելելով, որ պետք է սպասել օրենքների կիրառմանը իրական կյանքում․ - «Օրենքներ ընդունվում են: Այստեղ խնդիրը կիրարկման է մեջ է: Դա առաջինը: Եվ եղած օրենքներում էլ երբ որ լինում են սողանցքներ, տարբեր խուսափելու հնարավորություններ․․․ որ հետո չասեն՝ գիտեք, օրենքը կա, բայց այսինչ սողանցքի պատճառով,այսինչ թերության պատճառով չենք կարող անել: Սա մեկ այլ բանի մասին է նաև խոսում․ այդ օրենքներից կիրարկման չանցնելը և սողանցքներ թողնելը արդեն ինդիկատոր է քաղաքական կամքի բացակայության»:
Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արթուր Ղամբարյանի խոսքով, հակակոռուպցիոն օրենքների ընդունումը առաջիկայում ապահովելու է էական առաջընթաց: Օրինակ, իրավապահները պետք է «մի քիչ ուշադիր լինեն հարստացած պաշտոնյաների նկատմամբ»․ - «Մոտ ապագայում, երբ որ սկսի հանցակազմը արդեն լրիվ ծավալով աշխատել, ապա, իրոք, մենք պետք է մի քիչ ուշադիր լինենք, պետք է բծախնդիր լինենք, որ էդ տեսակի պաշտոնատար անձինք, ովքեր որ կընկալվեն որպես անհիմն հարստացողներ, նրանց նկատմամբ հստակ իրականացվի քրեական հետապնդում»:
Արդարդատության գնդապետ և իրավագիտության դոկտոր Ղամբարյանը, սակայն, կասկածի տակ է առնում «Թրանսփարենսի Ինթրնեյշնլի» հրապարակած կոռուպցիայի ընկալման ցուցանիշը, որը Հայաստանի դեպքում խոսում է լճացման և կոռուպցիայի դեմ պայքարում տեղում դոփելու մասին․ - «Ընդամենը պետք է տիրապետել, թե ինչ մեթոդաբանության են նման վերլուծություն իրականացնում: Որովհետև էդ տերմինը, որ օգտագործում եմ՝ դոփել, շատ պետություններ էդ իմ ասած արարքի քրեականացումը չեն խիզախում արտացոլել իրենց օրենսդրության մեջ»: