Ռուս-ադրբեջանական սահմանին տեղադրվել է սահմանային առաջին նշանը

«Ռուսաստան» գրությունը և ՌԴ զինանշանը ռուս-ադրբեջանական սահմանին՝ Դաղստանի Դերբենդ բնակավայրի մոտ, արխիվ

Այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային նշանը, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Գուսարի շրջանի Զուխուլ գյուղի տարածքում, մասնակցել են երկու երկրների սահմանապահ ծառայությունների և պետական սահմանի սահմանագծման ռուս-ադրբեջանական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Կողմերը հայտնել են, որ սահմանագծման աշխատանքն առաջիկայում կավարտվի: Այն կարգավորող փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը և Ռուսաստանի ԱԳՆ գլխավոր խորհրդական Վադիմ Պոստնովը:

Ռուսաստանի և Ադրբեջանի ցամաքային սահմանի երկարությունը 327.4 կիլոմետր է, ծովային սահմանը՝ 22.5 կիլոմետր: Սահմանը հաստատվել է 2010 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված պայմանագրով: