Գերմանիան հորդորել է Ռուսաստանին և Իրանին ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա՝ Գուտայում սպանդը դադարեցնելու համար:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը և դրան աջակցող ջոկատները գրոհներ են իրականացրել ապստամբների հսկողության ներքո գտնվող Գուտա ավանում: Երկու օրվա ընթացքում առնվազն 250 խաղաղ բնակիչ է զոհվել:
«Առանց այս երկու դաշնակիցների աջակցության, Ասադի ռեժիմը չէր լինի այնտեղ, որտեղ հիմա է, և անկասկած այդ ռեժիմը շատ ավելի մեծ պատրաստակամություն կհայտներ բանակցելու ՄԱԿ-ի խաղաղության գործընթացում», - երեկ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի տարածաշրջանային համակարգող Պանոս Մումցիսը հայտարարել է, որ անհրաժեշտ է «անհապաղ դադարեցնել անիմաստ արյունահեղությունը և վերջ տալ մարդկանց տառապանքներին»: Ենթադրվում է, որ Գուտայում բնակվում է մոտ 400 հազար մարդ: