Հայաստանը խորապես շահագրգռված է խորացնել հարաբերությունները Լիբանանի հետ բոլոր ոլորտներում. Սերժ Սարգսյան

«Մենք խորապես շահագրգռված ենք Լիբանանի հետ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր ոլորտներում», - այսօր ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Լիբանանի նախագահի այցը նոր էջ է բացելու հայ-լիբանանյան հարաբերություններում։

«Մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, բայց մեր ժողովուրդների բարեկամությունը դարեր է հաշվվում: Իհարկե, մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում շատ մեծ դերակատարություն ունի հայ համայնքը: Մենք խորապես շնորհակալ ենք Լիբանանի ժողովրդին և իշխանություններին մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար: Նրանք ժամանակի ընթացքում դարձան Լիբանանի լիարժեք քաղաքացիներ՝ պահելով իրենց ազգային ինքնությունը: Եվ, իհարկե, մենք շնորհակալ ենք Լիբանանի իշխանություններին, այդ թվում՝ խորհրդարանին, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար: Սա շատ կարևոր ներդրում է», - ասել է Սերժ Սարգսյանը։

Միշել Աունը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ նշելով, որ իր այցը միտված է ավելի ամրապնդելու Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները:

«Այո՛, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ կան իմ պատվիրակության կազմում` զբոսաշրջության նախարարը, նաև Դաշնակցություն կուսակցության ղեկավարը՝ պատգամավոր պարոն Բագրատունյանը: Պետք է ասեմ, որ հայ համայնքը մեծ ներդրում է ունեցել Լիբանանի զարգացման, ծաղկման գործում: Նրանք բավականին լուրջ են աշխատում իրենց գործունեության բոլոր բնագավառներում, պատասխանատու օղակներում: Մենք ինքներս շատ ենք հենվում նրանց վրա բոլոր բնագավառներում: Մենք լայն հասարակություն ենք, և հայ համայնքը կարողացել է իր մշակույթն ու ինքնությունը պահպանել Լիբանանում: Իհարկե, շատ կարևորում ենք և հպարտ ենք այդ բազմակարծությամբ ու մշակութային բազմազանությամբ, որովհետև մենք կարողանում ենք դրանցից բավական օգտվել և զարգացնել Լիբանանը: Այցս միտված է ավելի ամրապնդելու Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները: Հույս ունենք, որ Հայաստանի և Լիբանանի միջև այդ հարաբերությունները շատ ավելի կընդլայնվեն և կխորանան: Բազմաթիվ բնագավառներ կան, որոնց ուղղությամբ կարող ենք աշխատել, և դա կլինի ի բարօրություն մեր երկու երկրների»,- ասել է Լիբանանի նախագահը։

Նշենք, որ այսօր հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով: