«Մարտի 1»-ը «ուչաստկովիի» մակարդակի գործ է, եթե իշխանության ղեկին չլինեն սպանությունների հեղինակները. Փաշինյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում, որ Ազգային ժողովը երբևէ հայտարարություն ընդունի 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ:

«Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը, սակայն, նշում է՝ իրենց նպատակը «Մարտի 1»-ի գործը հանրային ու քաղաքական օրակարգում պահելն է։

«Մարտի 1»-ի տասը տարին է լրանում, իմաստն այն է, որ էդ հարցը շարունակի մնալ հանրային ու քաղաքական օրակարգում։ Կարձանագրենք, որ մենք ունենք բաց հարց, սա նաև հարգանքի տուրք կլինի զոհերին ու նաև ճանաչում կլինի էդ փաստի», - ասաց Փաշինյանը։

Հարցին, թե ռեա՞լ է, որ այս գործը բացահայտվի, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Այս գործը մի «ուչաստկովիի» մակարդակի գործ է, եթե իշխանության ղեկին չլինեն նրանք, ովքեր այդ սպանությունների հեղինակներն են»: Ապա Փաշինյանը շարունակեց. - «Հայաստանի Հանրապետությունում կա՞ մարդ, որը լուրջ հավատում է, որ «Մարտի 1»-ի գործով հիմա նախաքննություն է ընթանում, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են ընթանում։ Ես չեմ կարծում, թե որևէ մարդ լրջորեն այդպես կարող է մտածել։ Գործ է, գցել են էնտեղ, 10 տարի նախաքննություն է գնում՝ չորս ոստիկաններին, որոնց «Չերյոմուխա-7»-ը օգտագործելու համար իբր մեղադրանք են առաջադրել, մարդը կարող է 7, 8, 9, նույնիսկ 10 տարի մեղադրյալ է։ Պատկերացնո՞ւմ եք, մարդը 10 տարի մեղադրյալ է, նրա գործով որոշում չկա՝ ո՛չ որոշում են, որ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկեն դատարան, ո՛չ որոշում են գործը կարճել, էս մարդուն ասեն՝ «գնա քո գործին»։ Պատկերացրեք մի երկրում մարդը 10 տարի մեղադրյալի կարգավիճակում լինի՝ սա աբսուրդ է։ Հետո էլ ասում են՝ իրավական լեզվով խոսենք։ Իրավական լեզվով խոսեք՝ 10 տարին ո՞րն է։ Այսինքն՝ մի ամբողջ ծանր պատժաչափի ժամկետով մարդը մեղադրյալ է, պատկերացնո՞ւմ եք, եթե էդ մարդը լուրջ մեղադրյալ է, 10 տարվա մեջ շաքար էլ կստանա, ինչ հիվանդություն ասես կստանա, այսինքն՝ էդ մարդուն կտտանքների ենք մենք ենթարկում»։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն տվեց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին:

Ընդդիմադիր դաշինքը արյունալի իրադարձություններից 10 տարի անց առաջարկում էր խորհրդարանին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը»:

«Ելք»-ը հայտարարության նախագծով նաև առաջարկում էր իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։

«Ելք» փետրվարի 23-ին «Մարտի 1»-ի վերաբերյալ խորհրդարանական լսումներ է կազմակերպել։ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի լսումներին։

Հարցին, թե Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հրավիրվա՞ծ են, Փաշինյանը պատասխանեց. - «Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, ճիշտ է, տենց գաղափար կար հրավիրելու, բայց չենք հրավիրել, բայց հայտարարություն ենք արել, ովքեր ուզում են ներկայանան, մասնակցեն, թող մասնակցեն։ Եթե Սերժ Սարգսյանն ուզում է մասնակցի խորհրդարանական լսումներին, կարող է մեր էլեկտրոնային հասցեին ուղարկի իր տվյալները և այդպիսով մասնակցի։ Այնպես չի, որ մենք բոլորին հրավիրում ենք»։

Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Փաշինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.