Նալբանդյան․ Երևանը շարունակելու է «և՛, և՛»-ի քաղաքականությունը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում Բրյուսելում Եվրամիության կենտրոնակայանում, արխիվ

Ինչպե՞ս է կարգավորվելու ղարաբաղյան խնդիրը, հնարավո՞ր է արդյոք առաջընթաց հայ-թուրքական հարաբերությունններում, և ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը՝ սրանք էին հիմնականում եվրոպացի պատգամավորներին հետաքրքրող հարցերը երեկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

Ղարաբաղյան խնդիրը հայտնվել է փակուղում, և այս իրավիճակում անհրաժեշտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններն ավելի շատ ջանքեր գործադրեն, հայտարարեց եվրոպացի պատգամավորներից մեկը, փաստելով՝ ի տարբերություն Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարարը, օրինակ, բոլորովին այլ կերպ է մեկնաբանում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի իրագործումը: Ի պատասխան, Նալբանդյանը պնդեց՝ Բաքուն փորձում է տարանջատել սեղանին դրված առաջարկները, մինչդեռ համանախագահները դրանք դիտարկում են մեկ ամբողջությամբ մեջ:

Ըստ այդմ, Ղարաբաղի վերջական կարգավիճակը պետք է որոշվի բնակչության՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ: Երկրորդ տարրն այն է, որ մինչ այդ Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, ինչը նշանակում է, որ նրանք կպահպանեն այն ամենը, ինչ ունեն այսօր՝ իշխանություններից մինչև պաշտպանական բանակ, ու նաև՝ միջանկյալ կարգավիճակի ճանաչում միջազգային հանրության կողմից: Երրորդ բաղադրիչը Լաչինի միջանցքն է, չորրորդը՝ անվտանգության բազմաշերտ երաշխիքները, այդ թվում՝ խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղի շուրջը, հինգերորդ՝ բոլոր փախստականների ու բոլոր տեղահանվածների վերադարձ, և վեցերորդ՝ հողերի վերադարձ: Հայկական կողմի մի քանի անգամ նշել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները այս հիմքի վրա:

Ղարաբաղյան խնդրի մասին Նալբանդյանը հիշեց նաև քննարկման ավարտին, երբ Սլովենիայից Իվո Վայգլը հետաքրքրվեց՝ ի՞նչ են անում ռուսական զորքերը Հայաստանում, իսկապե՞ս Հայաստանի ինքնավարությունը նրանց ներկայությունից է կախված: «Ռուսաստանը չի ստիպել մեզ տեղակայել իր զորքերը, Հայաստանն է խնդրել», - արձագանքեց արտգործնախարար Նալբանդյանը, պնդելով՝ ռուսները հանձն են առել պաշտպանել Հայաստանը ցանկացած հարձակման դեպքում:

«Ուզում եմ ընդգծել, որ 2010 թվականին մենք արձանագրություն ենք ստորագրել, որով ռուսական զորքը՝ հայկական բանակի հետ, դարձել է Հայաստանի անվտանգության երաշխավորը՝ բոլոր տեսակի մարտահրավերների ու վտանգների դեպքում: Ադրբեջանի առաջնորդը հավակնություններ ունի անգամ մայրաքաղաք Երևանի նկատմամբ, այնպես որ, դուք հասկանում եք՝ ինչ իրավիճակ է տարածաշրջանում, և ռուսական զորքի ներկայությունը, մեր կարծիքով, անվտանգություն ու կայունություն ապահովող գործոն է», - հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների մասին՝ Նալբանդյանը պնդեց, որ Երևանը շարունակելու է «և՛, և՛»-ի քաղաքականությունը՝ խորացնելով կապերը ոչ միայն Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միության, այլև եվրոպական ընտանիքի հետ:

Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով համազեկուցող Լասլո Տոկեշը փաստեց՝ Բրյուսելի հետ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու երկկողմ հարաբերությունների հիմքում հարգանքն է ժողովրդավարության ու մարդու իրավունքների նկատմամբ: Մինչև այդ համաձայնագրի վավերացումը՝ Եվրոպայում կոնկրետ քայլեր են ակնկալում, ընդգծեց համազեկուցողը:

«Ես խստորեն հորդորում եմ Հայաստանի իշխանություններին լավագույնս օգտագործել նոր սահմանադրական կարգը, արագ և արդյունավետ կատարել անհրաժեշտ բարեփոխումները՝ քաղաքացիների կյանքը բարելավելու համար: Այժմ եվրոպական մայրաքաղաքների հայացքն ուղղված է Երևանին, հիմա հենց այն պահն է, երբ դուք պետք է ցույց տաք, թե ինչու պետք է Եվրամիությունը վավերացնի ձեզ հետ ստորագրված համաձայնագիրը», - հայտարարեց Տոկեշը: