Երևանի քաղաքապետարանը 300 հազար դրամանոց «ղեկավարի» աթոռ է ձեռք բերել

Պարզվում է, թե ինչ աթոռի է նստում պաշտոնյան, ուղիղ կապ ունի նրա հետ, թե ինչ պաշտոն է նա զբաղեցնում։

Երևանի քաղաքապետարանը «ղեկավարի գրասենյակային աթոռ» է ձեռք բերել, մեկ հատը երևանցիների վրա 300 հազար դրամ է արժեցել։ Նախորդ տարի կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ քաղաքապետարանի պատվիրած աթոռը պետք է լինի կաղնու փայտից, մեծ թիկնակով, պաստառապատված պետք է լինի բնական կաշվով, նստոցը տարբեր դիրքերում ամրացնելու հնարավորություն ունենա և, որ կարևոր է՝ լինի բարձր որակի։

Պարզելու համար, թե ով է այն ղեկավարը, որ պետք է նստի այս աթոռին, հարցում ուղարկեցին Երևանի քաղաքապետարան։

Պատասխանում քաղաքային իշխանությունները կոնկրետ պաշտոնյայի անուն չեն նշում՝ շեշտելով, որ իրենք երբևէ որևէ գնում անձով չեն պայմանավորում, իսկ այս աթոռն էլ «գնել են օրենքից բխող ընթացակարգով և մրցութային ամենացածր գնով»։

Թե ինչքան կարժենա նմանատիպ աթոռը, փորձեցինք պարզել կահույք արտադրող ընկերություններից։ Նրանց առաջարկած գինը մոտ երկու անգամ ցածր էր․ - «150 հազարից սկսվում է: Նույնիսկ ավելին ասեմ՝ ինքը ավելի մատչելի տարբերակներ ունի՝ մինչև 200 հազար»:

Քաղաքապետարանը պնդում է, որ այս աթոռը գնել են Կենտրոն վարչական շրջանի շենքի խորհրդակցությունների սենյակը կահավորելու համար։ Մոտ երկու շաբաթ առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել էր վարչական շրջանի շենք, հրապարակված տեսանյութից երևում է, որ խորհրդակցությունների սենյակի ամենաճոխ աթոռը հենց այն է, որի վրա քաղաքապետն է նստել։

«Մեր դեմքն է Կենտրոն վարչական շրջանը, և մենք պետք է բոլորս միասին, եթե գտնում ենք մի անկյուն, որը հնարավոր է կանաչապատել, միանշանակ պետք է կանաչապատել», - ասել էր քաղաքապետը:

Եթե ղեկավարը նստում է 300 հազար դրամանոց աթոռի վրա, ապա Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի աթոռը մոտ 20 հազար դրամ արժե:

«Ելք» խմբակցության անդամի աթոռը հին է, թեև նստելը հարմար չէ, բայց, նրա խոսքով, կարելի է 40 հազար դրամով էլ հարմարավետ օրթոպեդիկ աթոռ գնել, որից էլ ինքը գնել է տան համար։ Թեև այն ո՛չ կաշեպատ է, ո՛չ էլ կաղնու փայտից, բայց այդպես գոնե ծախը արդյունավետ կլիներ․ - «Ես չեմ խորշում էս աթոռի վրա նստելուց, ուրեմն իրենք էլ պիտի չխորշեն՝ մանավանդ էս ֆինանսատնտեսական վիճակում»:

Գնումների ոլորտը ուսումնասիրող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Մանուկյանի կարծիքով, գնումի արդյունավետությունը հասկանալու համար նախ պետք է հասկանալ, թե արդյոք կա դրա կարիքը: Օրինակ, կարելի է ադամանդապատ հեռախոս գնել, մինչդեռ հարց է՝ անհրաժե՞շտ է դա, թե՞ ոչ․ - «Ղեկավարի աթոռներ գնվում են պետական գնումներով: Ձեր ասած թիվը բավականաչափ մեծ է․․․ Թերևս դժվար կլինի երկրորդ մարմինը գտնել, որը նույն կարիքը ունի ղեկավարի աթոռի և նման կարգի գներով է ձեռք բերում: Այստեղ արդեն հարցը ներքին աուդիտին է վերաբերում, արտաքին վերահսկողներին է վերաբերում»:

Ի դեպ, այսօր շրջեցինք նաև Երևանի մերձակա Փարաքարի կահույքի խանութներում։ Այստեղ մեզ 100 հազար դրամով գրեթե նույն բնութագրով կաշեպատ աթոռներ առաջարկեցին։ Ասացին, որ Հայաստանում գրասենյակային աթոռներ գրեթե չեն պատրաստում, իրենք ներկրածն են վաճառում, քանի որ տեղում պատվիրելը շատ թանկ է ստացվում։