Հայաստանում Մայրենի լեզվի օրը նշվում է 2005 թվականից ամենատարբեր միջոցառումներով, որոնք տեղի են ունենում թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում, թե՛ գրադարաններում և այլ հաստատություններում:
Սա, ցավոք, չի խանգարում որևէ մեկին նույնիսկ այս օրը գիտակցաբար զերծ մնալ լեզվական ձևախեղումներից, որոնցով լի է թե՛ ժամանակակից խոսակցական հայերենը, թե՛ գրական հայերենը:
Մայրաքաղաքի բոլոր թաղամասերում էլ, հատկապես կենտրոնում ամեն օր ականատեսն ես օտարլեզու ամենատարբեր ցուցանակների ու գրությունների:
Նախկինում նման ցուցանակ կամ պաստառ փակցրած խանութների կամ սրահների տնօրինությունը Լեզվի պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում տուգանվում էր: Վերջին երկու-երեք տարիներին, սակայն, տեսչությունն այլևս զրկված է նման իրավունքից, չունի այս գործառույթը: Նման խախտումներ դիտարկելիս տեսչության աշխատակիցներն արդեն ոչ թե տուգանում, այլ նախազգուշացնում են սեփականատերերին:
Անգամ ենթադրություններ էին հնչում, որ Լեզվի պետական տեսչությունն այլև չի գործելու: Տեսչության պետ Սերգո Երիցյանի խոսքով, սակայն, մինչև այս տարվա մայիս ամիսը տեսչությունը Կրթության և գիտության նախարարության կազմում կվերակազմակերպվի և կգործի որպես Լեզվի կոմիտե:
«Մենք շարունակում են Լեզվի պետական տեսչության գործառույթների կիրառումը այնքանով, որքանով դա հնարավոր է: Այս շրջանում ավելի քանի քան հազար դիտարկումներ ենք կատարել հրապարակային գրվածքի հետ կապված ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ հանրապետության տարածքում», - նշեց Երիցյանը:
Ուշագրավ է, որ հանրային գրվածքի խախտումների մասին լեզվի տեսչության կատարած արձանագրությունները, մշտադիտարկումները, իրազեկումները, Սերգո Երիցյանի խոսքով, անգամ առանց տուգանելու, որոշակիորեն ունեցել են իրենց ազդեցությունը․ - «Մենք հաշվարկել ենք․ հազար իրազեկումներից մոտավորապես մեկ երրորդը որոշակի ժամանակահատված հետո շտկվել է․․․ Մենք միշտ ասել ենք, որ օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարենք, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն գործի զուտ տուգանքի կամ պատժելու այդ մեթոդը, այլև զգուշացնել՝ առաջին զգուշացում, երկրորդ զգուշացում, ինչպես գործում է ամբողջ աշխարհում, և նոր դրանից հետո գործի դնել մյուս գործիքները»:
Սերգո Երիցյանը հետևյալ կերպ է բացատրում, թե ինչու 2015 թվականից այս կողմ տեսչությունը զրկվեց տուգանելու լիազորությունից․ - «Պատճառաբանությունը տնտեսվարող սուբյեկտներին քիչ «անհանգստացնելը», «չխանգարելն» էր: Բայց մենք ընդհառակը, օգնել ենք, որպեսզի նրանց հրապարակային գրվածքը լինի հայեցի»:
Սերգո Երիցյանի համոզմամբ, խնդիրը նաև մեր օրենսդրության մեջ է․ - «Մեր օրենսդրությունը այնքան ազատական է, որ, ի տարբերություն, ասենք, հարևան Վրաստանի: Ասում է՝ դու ունեցիր հայերենով, զուգահեռ ցանկացածդ օտար լեզվով դու կարող ես ունենալ հրապարակային գրվածքը․․․ Մենք օրենսդրական լուրջ փոփոխությունների կարիք ունենք: Կյանքը առաջ է գնում: Կան երբեմն հարցադրումներ, թե արդյո՞ք օտար լեզվով տնտեսվարող սուբյեկտի անունը պետք է նույնությամբ փոխադրել հայերենի, թե ոչ, սա ևս ապագայում օրենսդրական հստակ կարգավորման խնդիր է»:
Լեզվի տեսչության պետն ասաց, որ մինչև 2015 թվականը, օրինակ, «Սիթի» սուպերմարկետների ցանցը բազմիցս տուգանվել է․ - «Մենք ունեցել ենք տարեկան 70-75 դատական հայց: Մենք չենք տուգանում․ տուգանքները իրականացնում է դատարանը: Մենք խախտման հետ կապված դիմում ենք վարչական դատարանին, վարչական դատարանը իրականացնում է վարույթը, և ահա այստեղ էլ մենք ունենում ենք վարույթներ, որոնք ձգձգվում են մինչև մեկ տարի, տարի ու կես: Հիմա մենք տասներկու շարունակվող գործեր ունենք, որոնք եկել են անցած-գնացած ժամանակներից․ անընդհատ ձգձգվել են, մի ատյանից մեկ այլ ատյան են տեղափոխվել: Այնինչ մերձբալթյան երկրներում, օրինակ, ասում են՝ մենք կտուգանենք, թող իրենք մեզ դատի տան»: