Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի»՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի նկատմամբ: Այդ մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:
Հաղորդագրությունում, ինչպես փոխանցում է «Թուրան»-ը, նշվում է, որ «Կարամպետյանը 2014-2018 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ կոչեր է հնչեցրել»:
«2018 թվականի փետրվարին Կարամպետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի և կազմակերպված խմբով Ադրբեջանի սահմանը հատելու: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և նրա նկատմամբ հայտարարվել է Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում», - ըստ ադրբեջանական գործակալության՝ ասվում է դատախազության հաղորդագրությունում:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը «Ազատության» հարցին ի պատասխան էժանագին և անհիմն լուրեր որակեց ադրբեջանական լրատվամիջոցների տվյալ հաղորդումը՝ պնդելով, որ դրանց տարածումը Հայաստանում ադրբեջանական իշխանության նպատակն է: Գրասենյակից խոստացան Կասպար Կարամպետյանի մեկնաբանությունը տրամադրել ավելի ուշ:
Նշենք, որ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, մասնավորապես, վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղ են այցելում եվրոպացի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, նրանցից շատերը հայտնվել են Ադրբեջանի հայտնի «սև ցուցակում»: