ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար․ Արևելյան Գուտայում բնակչության վիճակը աղետալի է

Սիրիա - Ռմբակոծության հետևանքները Արևելյան Գուտայում, 20-ը փետրվարի, 2018թ․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ծայրաստիճան մտահոգված է Դամասկոսի մերձակայքում սիրիացի ապստամբների վերահսկողության տակ գտնվող Արևելյան Գուտայում իրավիճակի սրացմամբ: Նրա խոսքով՝ այդ շրջանում խաղաղ բնակչության վիճակը աղետալի է:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի նիստում՝ Գուտերեշը ընդգծել է, որ միայն վերջին երկու օրվա ընթացքում Արևելյան Գուտայում զոհվել է ավելի քան 100 մարդ:

Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով՝ զոհերի թիվը շատ ավելի մեծ է: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանի հաշվարկներով՝ կիրակի օրը Արևելյան Գուտայում Սիրիայի կառավարական բանակի ռմբակոծությունների արդյունքում զոհվել է 17 մարդ, երկուշաբթի՝ 127, երեքշաբթի՝ շուրջ 50:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան մտավախություն ունի, որ շրջափակման մեջ գտնվող այդ շրջանը կարող է արժանանալ Հալեպի ճակատագրին, որտեղ 2016 թվականին ամիսներ շարունակ կատաղի մարտերը չէին դադարում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Դամասկոսի շրջափակման մեջ գտնվող արվարձանում շուրջ 400 հազար մարդ կա: Փետրվարի սկզբին կառավարական ուժերի 5-օրյա ռմբակոծության արդյունքում, ակտիվիստների վկայությամբ, զոհվել է 250 խաղաղ բնակիչ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:

Արևելյան Գուտան համարվում է Սիրիայի այսպես կոչված «դեէսկալացիայի գոտիներից» մեկը, որտեղ հրադադարի ռեժիմ է գործում, ինչի շուրջ հակամարտության կողմերը պայմանավորվել էին անցյալ տարվա գարնանը՝ Աստանայում Ռուսաստանի հովանու ներքո անցկացված բանակցությունների ընթացքում: