Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջին հարկում գտնվող բնակարաններից մեկը գրեթե ամբողջությամբ փլուզվել է: Վնասվել են նաև նույն հարկի մյուս բնակարանները: Զոհեր և տուժածներ չկան, պայթյունից հետո 14 բնակիչ է տարհանվել: Վնասվել են նաև շենքի մոտակայքում գտնվող մեկ տասնյակից ավելի մեքենաներ:
75-ամյա Ֆիրդուս Ղազարյանը, ում բնակարանը ևս տուժել էր պայթյունից, նշում է՝ մինչ փրկարարները կժամանեին, իրենք ինքնուրույն են տանից դուրս եկել:
Մեկ այլ բնակիչ էլ ասաց՝ փլուզված տանը ներկա պահին մարդիկ չեն ապրում, միայն արհեստավորներն են լինում, որոնք էլ տան վերանորոգման աշխատանքներով էին զբաղված:
Պայթյունի ձայնն այնքան բարձր է եղել, որ լսվել է նաև հարևան շենքերում, ինչպես նաև վնասել հարակից շենքերի պատուհանները:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի խոսքով՝ բնակիչներին խորհուրդ չեն տալիս շենքում ապրել: «Ազատության» հարցին, թե բնակիչներին ով է փոխհատուցելու կրած վնասների համար, փոխքաղաքապետն արձագանքեց․ ֊ «Հետաքննության արդյունքները, երբ որ կտան պատճառները, ըստ այդմ էլ, օրենսդրորեն կառաջանա թե՛ պատասխանատվության, թե՛ փոխհատուցման հարցը»:
Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ, սակայն բնակիչները կարծում են, որ գազի արտահոսք է եղել: Իսկ «Երևան գազ» ընկերության տնօրեն Գառնիկ Մովսիսյանն էլ «Ազատությանն» ասաց․ ֊ «Ես տեսել եմ փականները բաց, ազդանշանային համակարգը պատից հանված՝ տեղում չեն»:
Ի դեպ, ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որն է՝ անզգուշության հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելը: