Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ԶԼՄ-երի աշխատանքը կանոնակարգելու հանձնարարականը լրագրողների օրինական գործունեությունը սահմանափակելու նպատակ ունի, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը՝ կոչ անելով Տարոն Մարգարյանին ձեռնպահ մնալ Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը վնասող կանոնակարգումներից:
Խմբակցության հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ: Ակնհայտ է, որ այս հանձնարարականը վերջին օրերին քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների հետևանք է, որը հետապնդում է լրագրողների օրինական գործունեությունը սահմանափակելու նպատակ»:
«Ելք» խմբակցությունը հայտարարում է, որ գործող կանոնակարգումներն անհամաչափորեն սահմանափակում են ավագանու անդամների աշխատանքը ԶԼՄ-ների հետ, ուստի նոր՝ էլ ավելի սահմանափակող կարգավորումները մերժելի են խմբակցության կողմից:
«Միաժամանակ, նշենք, որ այս համատեքստում Երևանի համայնքի վարչական շենքերում և ենթակայության տակ գործող կազմակերպություններում ԶԼՄ-երի աշխատանքի ցանկացած կարգավորում պետք է բխի Հայաստանի Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին» և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից։ Սույնով կոչ ենք անում Տարոն Մարգարյանին ձեռնպահ մնալ Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը վնասող կանոնակարգումներից», - ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք՝ երեկ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, ոստիկանների ուղեկցությամբ, լրագրողներին թույլ չտվեց մուտք գործել ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ և նրա հետ հարցազրույց վարել:
Արթուր Գևորգյանն ընդհուպ դիմեց իրավապահների օգնությանը, երբ Զարուհի Փոստանջյանը լրագրողներին փորձում էր ցույց տալ, թե ինչ մթնոլորտ է ստեղծվել քաղաքապետարանում փետրվարի 13-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։
Երեկ տեղի ունեցածից հետո Տարոն Մարգարյանը հանձնարարեց Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել։