30 տարի առաջ այս օրը սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը:
Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «դիմել խորհրդային ադրբեջանի և խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ վերադարձնելու պահանջով»: Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց՝ ի աջակցություն արցախահայության:
Այսօր առավոտից Ազատության հրապարակում նախապատրաստական աշխատանքներ էին՝ Հայ ազգային կոնգրեսը շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական հավաքի էր պատրաստվում։
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում՝ կիսելով իր հիշողությունները, ցավով նշեց՝ իշխանություններն անտեսեցին հոբելյանական այս օրը, մինչդեռ դա Հայաստանի պատմության վառ էջերից մեկն է:
Հարցին, թե ի՞նչ է մնացել, ի՞նչ ունենք և ի՞նչ կորցրեցինք, Արամ Մանուկյանը պատասխանեց. - «Մեր մեջ ինչ եղել է, այն էլ մնացել է՝ էդ հպարտությունը, պատասխանատվությունը՝ գործ անելու, երկիր, պետականություն կառուցելու խնդիրը մնացել է, մոտիվացիան էլ է մնացել, գործիքներն են քչացել՝ մարդը, որը կարող էր այստեղ լինել և պայքարել, մի մասը գնացել է, մեկ էլ չկա էն վերևից եկող կրակը, որը պետք է լիներ, ընդհակառակը՝ վերևից կրակի վրա ջուր լցնողներն են շատ։ Փոխանակ իշխանությունը նշի այս հրաշք օրը, մենք ենք նշում, իրենք իրենց կաբինետներում փող են աշխատում»։
1988-ի փետրվարի 20-ը դարձավ հայ ժողովրդի վերածննդի օր, իր այսօրվա ուղերձում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
«30 տարի շարունակվում է հայատյացության քարոզչությունը: Թվում է, թե ոչինչ չի փոխվել: Սակայն մենք ենք փոխվել: Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով։ Բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն՝ ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ», - ասված է նախագահի ուղերձում:
Ուղերձով է հանդես եկել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: «Այսօր՝ 30 տարի անց, կարող ենք հպարտորեն արձանագրել, որ մեր ժողովրդի ընտրությունը ճիշտ էր, որ մենք այլ ճանապարհ չունեինք: Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին հերոսաբար պաշտպանեցինք վտանգված հայրենիքը», - ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:
ՀԱԿ-ի նախաձեռնությամբ Ազատության հրապարակում առավոտից ցուցադրվում են շարժման տարիների լուսանկարները, պաստառները, կարգախոսները, երեկոյան սպասվում են ելույթներ, կհնչի նաև շարժման շեփորը։
Նշենք, որ ՀԱԿ-ում հստակ տեղեկություն չունեն՝ արդյո՞ք այսօր ելույթ կունենա նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Տեր-Պետրոսյանն ինքն է որոշում՝ գալի՞ս է, ելույթ ունենո՞ւմ է», - ասաց Արամ Մանուկյանը։
Եկեք ու ձեզ գտեք այս լուսանկարներում, ասաց Մանուկյանը՝ հավելելով՝ այդ օրերը վերապրելով՝ քաղաքացու մոտ գուցե հուշեր արթնանան, գուցե ուժ ու եռանդ ստանա ու հասկանա՝ նվաստանլով, թևաթափ լինելով երկիրը կկորցնի:
«Էս նկարների մեջ եկեք դուք ձեզ գտեք և պարծեցեք ձեր երեխեքի առաջ, որ դուք եղել եք մասնակիցն էդ հզոր հումանիստական սիրով պարուրված շարժման և էդ ոգին, էդ լավատեսությունը, էդ քաղաքացի լինելու զգացողությունը հետդ տար։ Յուրաքանչյուր հայի մեջ, հայաստանցու մեջ էդ հզոր, ուժեղ լինելու, արժանապատիվ լինելու, ձիգ կանգնելու զգացողությունը, գենը կա, փորձենք ակտիվացնել և, ինչու չէ, մի օր պայթելու է, մի օր սրանց քշելու են, և էս Ազատության հրապարակը, նորից դառնալու է Ազատության հրապարակ», - ասաց Մանուկյանը
Ազատության հրապարակով անցնող քաղաքացիներն անտարբեր չէին լուսանկարների նկատմամբ։
«Ինքս էլ եմ եկել, շատ ոգևորված ցույցերին մասնակցում էի, գնում էի, գոչում էի, ընտրություններին մասնակցում, բայց հետո աստիճանաբար դարձել եմ շատ անտարբեր, կներեք, բայց անընդհատ մեջդ մի բան կոտրվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց անցորդներից մեկը։
Քաղաքացիներից մեկն էլ հավելեց. - «Տենց ուրախություն երբեք չի եղել, տենց խինդ, ցնծություն, երբեք չի եղել։ Իսկ ի՞նչն ենք պահել, ի՞նչն ենք կորցրել, Արցախը պահել ենք, քաղաքակրթությունը՝ կորցրել»։