Հայաստանի կառավարությունը միակը չէ, ում Միացյալ Նահանգները նախազգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանի ռազմահետախուզական ոլորտի հետ նշանակալի գործարքներ կնքվեն: Այս մասին տեղեկանում ենք Երևանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից:
«Ազատություն»-ը հարցում էր ուղարկել Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Հայաստանի կառավարությունը միակն է, ում ԱՄՆ-ը հղել է հայտնի ծանուցումը:
«Մենք կիրառում ենք ԱՄՆ Կոնգրեսի կողմից ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների օգնությամբ հակադարձելու մասին օրենսդրությունը՝ նպատակ ունենալով ճնշումների միջոցով դրդել Ռուսաստանին փարատելու մեր մտահոգությունները Ուկրաինայի հանդեպ իր կողմից դրսևորած ագրեսիայի, այլ պետությունների ներքին գործերին միջամտելու և մարդու իրավունքների ոտնահարումների մասով: Օտարերկրյա պետությունները և մասնավոր ընկերությունները տեղեկացվել են, որ ցուցակում ընդգրկված ռուսական ընկերությունների հետ նշանակալի գործարքները կարող են հայտնվել պատժամիջոցների դաշտում», - ասված է դեսպանատան պատասխանում:
Միևնույն ժամանակ, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունից հրաժարվել են նշել երկրների ու մասնավոր ընկերությունների անվանումները, որոնց հղվել է տվյալ ծանուցումը:
«Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան և եթե այդպիսիք կան: Ընդհանուր առմամբ, եթե պատժամիջոցներ լինեն, ապա դրանք հիմնականում կառնչվեն ոչ-ռուսական ընկերություններին, որոնք Ռուսաստանի ռազմահետախուզական ոլորտի հետ նշանակալի գործարքներ ունեն», - ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանում:
Օրերս «Հայկական ժամանակ» պարբերականը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Պարբերականին այդ մասին տեղեկացրել էին ԱՄՆ դեսպանատնից:
«Ազատության» հարցին՝ ի՞նչ արձագանք է ստացվել Հայաստանի կառավարությունից, ԱՄՆ դեսպանատնից հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ «դիվանագիտական խոսակցությունների մանրամասները չեն կարող քննարկման առարկա դառնալ»:
«Ազատություն»-ը հարցում է ուղարկել նաև Հայաստանի պաշտպանության նախարարին՝ ի՞նչ դիրքորոշում ունեն ամերիկյան ծանուցման վերաբերյալ, արդյոք Հայաստանը մտադի՞ր է վերանայել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ առկա համագործակցությունը, և արդյոք Միացյալ Նահագների այս ծանուցման առնչությամբ խորհրդակցություններ, բանակցություններ անցկացվե՞լ են Ռուսաստանի կամ ԱՄՆ ներկայացուցիչների հետ: Պաշտպանության նախարարությունից առայժմ միայն արձագանքել են, որ «հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա», հավելելով, որ «հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:
Օրերս հարցին անդրադարձել էր Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ազատության» հարցին՝ «Հայաստանի կառավարությունը ի՞նչ է մտածում այս պատժամիջոցների հետ կապված», փոխնախարարը արձագանքել էր․ - «Ամեն դեպքում, մենք պիտի հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են, բնական է: Ի՞նչ մանրամասնել: Պետք է կոնկրետ լինի ինֆորմացիան: Օրինակ, հարցադրումներ արվեց, որը, իմ գնահատականով, իմ գիտելիքներով, չի համապատասխանում իրականությանը, որովհետև չափազանցնում է այն վտանգը, որ կա: Բայց դա չի նշանակում, որ դու պետք է այսպես ասած անուշադրության մատնես: Պետք է անընդհատ հետևել»:
Հարցին՝ ամերիկյան պատժամիջոցների շրջանակում ռուսաստանյան ռազմաարդյունաբերական ընկերությունների հայտնվելը կարո՞ղ է արդյոք ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա, Քոչարյանը պատասխանել էր․ - «Եկեք առաջ չընկնենք․․․ Մենք կոնկրետ և հետևում ենք իրավիճակին, և միևնույն ժամանակ շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները, փոխգործակցությունը Ռուսաստանի հետ այդ դաշտում, որը մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից է»:
Իսկ հարցին, թե խնդրո առարկայի վերաբերյալ արդյոք կոնսուլտացիաներ արվո՞ւմ են ամերիկյան կողմի հետ, փոխարտգործնախարար արձագանքել էր․ - «Չկա այդպիսի կոնկրետ հարց, որը հասունացած է, որը պահանջի թե՛ ռուսական կողմի, թե՛ ամերիկյան կողմի հետ բանակցություններ»:
Հանրահայտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարը Ռուսաստանն է: Վերջին տարիներին Մոսկվան Երևանին հատկացրել է 300 միլիոն դոլար վարկ՝ ռուսաստանյան զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով, իսկ Ադրբեջանի հետ կնքել է մոտ 5 միլիարդ դոլարի հասնող պայմանագրեր՝ հիմնականում ծանր սպառազինության վաճառքի վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների այս նախաձեռնության նպատակը տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազեցումն է:
«Հետևաբար, Ռուսաստանի հետ, ռազմաարդյունաբերության հետ ռուսական, կապերի սահմանափակումը՝ այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը և ուրիշներ, որոնք գտնվում են տվյալ դրությամբ ռուսական ազդեցության ոլորտում, էական է լինելու այս պետությունների իշխանությունների վրա որոշակի ճնշում գործադրելու տեսանկյունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Նա շարունակեց՝ չի բացառվում, որ սահմանափակման ռեժիմի ներքո հետագայում հայտնվեն նաև արտերկրում՝ ներառյալ Հայաստանում, Ռուսաստանի ռազմակայանները: