Սահմանադրությունն իդեալական չէ, բայց ճգնաժամ էլ չկա․ Վարդան Պողոսյան

2015 թվականի հանրաքվեով ընդունված Սահմանադրության համահեղինակ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն ընդունում է՝ Սահմանադրությունն իդեալական չէ, բայց նաև պնդում է՝ ճգնաժամ էլ չկա։ Միանշանակ է, որ Հայաստանի չորրորդ նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը, քանի որ Սահմանադրության անցումային 211-րդ հոդվածը հենց դա է թելադրում, «Ազատության» հետ զրույցում պնդեց նա:

Վարդան Պողոսյանի կարծիքով, որոշակի բաց առկա է, բայց ոչ Սահմանադրության մեջ, այլ՝ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում։ Մասնավորապես, եթե գործող նախագահը հրաժարական ներկայացնի կամ ինչ-ինչ պատճառներով չկարողանա պաշտոնավարել մինչև նոր նախագահի ընտրության օրը, ապա բաց կմնա, թե ինչ ընթացակարգով կընտրվի նոր նախագահը։

Պողոսյանի խոսքով՝ 2015թ․ Սահմանադրությունը մշակելիս մասնագիտական հանձնաժողովը գնացել է այն «ողջամիտ կանխավարկածով», որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա, կամ այլ պատճառներով նրա պաշտոնավարումը անհնարին չի լինի մինչև իր լիազորությունների ավարտը։

«Համենայն դեպս, փառք Աստծո, այդ կանխավարկածը մինչ այժմ իրականություն է։ Եթե մենք որևէ ժամկետ գրեինք, միևնույն է, հնարավոր է դրանից առաջ տեղի ունենար այդ հրաժարականը։ Հիմա, այս տարբերակով գրվածի դեպքում, մի խնդիր կա, որը որ, իմ կարծիքով, ԱԺ Կանոնակարգը պետք է հստակ լուծեր՝ որ եթե հանրապետության նախագահի պաշտոնը թափուր է մնում, ապա արտահերթ ընտրություն անցկացվում է այսինչ ժամկետներում։ Դա անհրաժեշտ էր անել, որովհետև մենք այլևս չունենք 2005թ․ Սահմանադրությամբ նախատեսված նախագահի ընտրության ուղիղ ընտրակարգը, և դա կլիներ կոռեկտ։ Մեծ բացթողում չէ, եթե անգամ նման իրավիճակ առաջանա, միշտ էլ կան իրավաբանական այլ տեխնիկաներ՝ օրենքի անալոգիա, վատագույն դեպքում՝ իրավունքի անալոգիա, բայց որևէ փակուղային իրավիճակ չէր ստեղծվի այդ կարգավորման պարագայում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդան Պողոսյանը:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․