Արմեն Սարգսյանը սպասարկելու է Սերժ Սարգսյանի ծրագիրը. Արամ Մանուկյան

Արմեն Սարգսյանը նախագահ կաշխատի վարչապետի մոտ, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ «Արմեն Սարգսյանը սպասարկելու է Սերժ Սարգսանի ծրագիրն ու կամքը»։

«Շատ պարզ է՝ որևէ մեկը՝ ո՛չ Հանրապետականը, ո՛չ ժողովուրդը, ո՛չ որևէ մեկը պահանջ չի կարող նրան ներկայացնել այլ կերպ աշխատելու, քան կառաջադրի էդ ծրագիրը, աշխատելաոճը Սերժ Սարգսյանը։ Դրա համար, ես մի անգամ էլ եմ կրկնել, որ այս նախագահական, այսպես ասած, չակերտավոր ընտրությունները Հայաստանի բնակչությանը հուզում չեն բերում, հուզում չի առաջանում, բախում չի առաջանում, կարծիքներ չեն բախվում իրար, ոչ մեկը հույս չի կապում այս նշանակման հետ։ Սա սովորական նշանակում է, որ պառլամենտը միաձայն՝ ուզում ես բաց, ուզում ես փակ քվեարկությամբ, կգա և կքվեարկի», - ասաց Մանուկյանը։

Հարցին, թե ՀԱԿ-ի համար անակնկա՞լ էր, որ Արմեն Սարգսյանն ընդունեց Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու լինելու Սերժ Սարգսյանի առաջարկը, Արամ Մանուկյանը պատասխանեց. - «Մենք գիտեինք, որ արդեն ով էլ լինի՝ էդ պոստը վարկաբեկված է։ Եթե չկա ժողովրդի կողմից ընտրված մարդ, ում ուզում ես նշանակի, և եթե այդ նշանակողը, որից մենք դժգոհում ենք, բողոքում ենք, էս չարիքների ղեկավարն ու կազմակերպիչն է, ի՞նչ կարևոր է, թե ում պետք է նշանակի, որովհետև, կրկնում եմ՝ նշանակվողը սպասարկելու է նշանակողի, այն է՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն ու կամքը։ Դրա համար էլ, որևէ մեկը՝ նա լինի գրագետ, նա լինի լեզու իմացող, չի կարող էս համակարգի դեմ որևէ բան անել։ Անգամ Հանրապետական կուսակցությունն ուներ ծրագրեր, ինքն անգամ չկարողացավ թեկնածու առաջադրել, այլընտրանք առաջադրել։ Վերջին հաշվով, հիմա ո՛չ այլընտրանք կա, ո՛չ քվեարկություն է լինելու, ո՛չ ծրագիր է լինելու, և մեր հանդիպման ժամանակ մեր հիմնական ասելիքը հենց սա էր, որ էդ մարդը, որին առաջադրում են, 20 տարի Հայաստանի հիմնական մարտահրավերներին որևէ արձագանք չի տվել: Եղել է «Մարտի 1», «Հոկտեմբերի 27», կեղծված սահմանադրական ընտրություն, կեղծված նախագահական ընտրություն, արտագաղթ, որը քայքայում է Հայաստանը՝ ո՞ւր է այդ թեկնածուի, տվյալ դեպքում, արձագանքն էս նշված խնդիրների շուրջ: Եթե դու չես էլ արձագանքել, ինչպե՞ս ես այդ խնդիրները լուծելու», - ընդգծեց Մանուկյանը։

Նշենք, որ ապրիլի 9-ին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը, ինչից հետո խորհրդարանը կընտրի նոր վարչապետին, որը, ըստ փոփոխված Սահմանադրության, կլինի գործադիր իշխանության փաստացի ղեկավարը։ Մինչ այդ՝ մարտի 2-ին խորհրդարանը կընտրի Հայաստանի 4-րդ նախագահին՝ յոթ տարի ժամկետով։

Արամ Մանուկյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.