Գյումրիի ավագանին 3 մլն դրամ հատկացրեց Մարտի 8-ը նշելու համար

Գյումրիի քաղաքապետարանը այս տարի տնտեսած գումարներով ոչ թե նախկին քաղաքապետից ժառանգած պարտքերն է մարելու, այլ դրանք ուղղելու է համայնքային խնդիրների լուծմանը:

Ինչպես նշեց քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը, անցած 5 տարվա ընթացքում շուրջ 1 մլրդ դրամի պարտք են փակել: Հիմա որոշել են տնտեսած շուրջ 100 մլն դրամ գումարով, օրինակ, բնակարաններ ձեռք բերել անօթևան ընտանիքների համար և մանկապարտեզ հաճախող երեխաների վարձերը զեղջել:

Գումարի մեծ մասը՝ 55 միլիոն դրամը հատկացվում է բնակարանների ձեռք բերմանը: Շատ գումար լիներ ավելի շատ բնակարաններ ձեռք կբերեինք, այսօր ավագանու նիստում հայտարարեց Ջիլավյանը:

Քաղաքապետարանը նաև մեկ շենք է ձեռք բերելու, որը հետագայում հնարավոր է կա՛մ ծերերի տուն դառա, կա՛մ սոցիալական բնակարան: Լենա Ջիլավյանին խիստ վրդովեցրել էին լրագրողները․ ասաց՝ ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցերը դեռ չքննարկած, քննադատում են:

Ջիլավյանը սրտնեղել էր հատկապես մարտի 8-ի միջոցառման համար 3 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ հրապարակումից ու քննադատությունից․ - «Մենք իրավունք չունե՞նք երեք միլիոնի ուշադրություն դարձնենք ու տարին մեկ անգամ քաղաքում աշխատող կանանց․․․»

Ավագանու ԳԱԼԱ խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանի հարցին գլխավոր ֆինանսիստը անկեղծ պատասխանեց:

«Ի՞նչն է խանգարել Ձեզ էս հարցը ավագանու համապատասխան հանձնաժողովի նիստին դնել», - հարցրեց Բարսեղյանը:

«Ես եմ մեղավոր, մոռացել էի», - արձագանքեց Ջիլավյանը:

ԲՀԿ խմբակցության ավագանու անդամներից Անդրանիկ Խաչատրյանն առաջարկեց ոչ ավել ոչ պակաս գումար տալ լրագրողներին, որ իրենք գնումներ իրականացնեն:

Բավականին բուռն քննարկում ծավալվեց․ կանանց մեծարումից հետո հերթը հասավ տղամարդկանց:

Լևոն Բարսեղյանն առաջարկեց մեկ օր էլ տղամարդկանց տոն սահմանել:

Մարտի 8-ը նշելու համար 3 միլիոն դրամի հատկացումը միաձայն ընդունվեց: