Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը կարևորել է ռազմավարական դաշնակից երկու երկրների հատուկ ծառայությունների միջև սերտ համագործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ Սերգեյ Նարիշկինի այցը նոր խթան կհաղորդի հայ գործընկերների հետ մասնագիտական ոլորտում համագործակցության առավել ամրապնդմանը:
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը վստահեցրել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ իր ղեկավարած ծառայության համագործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա և հանդիպման ժամանակ ներկայացրել է ըստ առանձնին ուղղությունների երկու կառույցների միջև ընթացիկ համագործակցությունն ու հետագա ծրագրերը: