Շուրջ տասը տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին նշվող Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ամենատարբեր միջոցառումներ և հանդիպումներ են տեղի ունենում:
Բացառություն չէր և այս անգամ՝ դպրոցներում, գրադարաններում, գրախանութներում տարբեր միջոցառումների ընթացքում ընթերցողներին հանդիպեցին, գրքեր նվիրեցին գրողներն ու գրահրատարակիչները, որոնցից մի քանիսն այսօր անգամ հնարավորություն ունեցան «Բուկինիստ» գրախանութում հանդիպել և գրահրատարակչական ոլորտին նվիրված հարցեր քննարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Առաջին անգամ Հայաստանի պետության ղեկավարը հանդիպեց հրատարակիչների հետ: Սա կարևորում է, չէ՞․․․ Քսան տարի սրա մասին էինք խոսում», - լրագրողների հետ զրույցում ասաց հանդիպման մասնակիցներից մեկը՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Այսօր «Բուկինիստ» գրախանութում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասնակիցների թվում են եղել նաև «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, «Էդիտ Պրինտ»-ի տնօրեն Էմին Մկրտչյանը և «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
Հանդիպման մասնակիցները միմյանց նաև գրքեր են նվիրել․ մասնավորապես, Արմեն Մարտիրոսյանին Սերժ Սարգսյանը նվիրել է բրիտանացի հայտնի պատմաբան Նիալ Ֆերգյուսոնի «Քաղաքակրթություն․ ինչով է Արևմուտքը տարբերվում մնացած աշխարհից» գիրքը:
«Ազատության» հարցին ի պատասխան Արմեն Մարտիրոսյանը փոխանցեց, թե կոնկրետ ինչ հարցեր են գրահրատարակիչները քննարկել են Սերժ Սարգսյանի հետ․ - «Զրոյական ավելացված արժեքի հարկ սահմանել գրքի վրա: Մեր առաջարկների մեջ կար, որ լրատվամիջոցների համար գրքի գովազդը չհամարվի գովազդ, այլ համարվի տեղեկատվություն: Հաջորդը, այն խանութները, որոնք կունենան 51 տոկոսից ավելի շրջանառություն գրքի, նրանք էլ ունենան արտոնյալ պայմաններ, ու դա վերաբերում է միայն մարզերին: Որովհետև մարզերում շատ-շատ ծանր ա վիճակը: Ես կարծում եմ, ամենակարևոր խնդիրը, որի մասին ես հարցրեցի պարոն Սարգսյանին՝ ե՞րբ է Հայաստանը կնքելու խաղաղության պայմանագիր: Ինքը խոստացավ, որ շատ-շատ մեծ ջանքեր կգործադրի, որ այդ գործը ստացվի: Ես կարծում եմ, եթե մենք խաղաղություն ունեցանք, այս ամեն ինչի մասին կարող ենք մոռանալ, որովհետև շատ արագ իրանք կշփվեն ինքնաբերաբար»:
Արմեն Մարտիրոսյանը շեշտում է, որ նախկինում այստեղ՝ մասնավորապես իրենց հրատարակչությունը գրքեր էր հրատարակում ոչ միայն տեղացի ընթերցողի, այլև հարևան երկրների իրենց գործընկերների պատվերով: Հիմա վիճակը բոլորովին այլ է՝ հարկային և մաքսային օրենքների պատճառով:
Այս մասին նույնպես գրահրատարակիչներն այսօր իրենց մտահոգություններն են ներկայացրել Սերժ Սարգսյանին:
Արմեն Մարտիրոսյան․ - «Դրսում ավելի ձեռնտու է գրքերը տպագրել, բերել Հայաստան, քան Հայաստանում տպագրելը: Այսինքն, Հայաստանի տպագրիչները Մաքսային միության պատճառով հայտնվել են վատ վիճակի մեջ, երբ որ իրենք ունեն որակական ամենաբարձր չափանիշները․ հինգ հազար կիլոմետր շառավղով լավագույն տպագրությունը արվում է Հայաստանում, [բայց] 38 տոկոսով միայն հարկերի պատճառով թանկանում է: Իսկ 25 տոկոս էլ տրանսպորտային ծախսերն են մեր ավելի շատ, քան, օրինակ, ռուսաստանցու: Էլ չասեմ, որ խմբաքանակից է կախված․ Ռուսաստանը մեծ սպառող է, մենք՝ փոքրիկ: Նաև այդ առումով էլի խնդիր ունենք: Սրանք կուտակվում են, ու ստացվում է, որ մենք կրկնակի տուժում ենք, և երբ որ մենք 3-4 տարի առաջ շատ ավելի մեծ ծավալներ էինք տպագրում Վրաստանի համար (2009-ին անգամ Չինաստան ենք արտահանել, Գերմանիա, Բուլղարիայի համար են ք տպագրել, ԱՄՆ-ի համար ենք տպագրել): Բայց այսօր դա չենք կարողանում անել, ու մեր վրացի գործընկերները՝ հիմնական գործընկերները, նախընտրում են տպագրել Թուրքիայում և ոչ Հայաստանում»:
Մարտիրոսյանի համոզմամբ, մեր երկրի իշխանությունները ցանկության դեպքում շատ բան կարող են անել ոչ միայն ընթերցանության, այլև գիտելիքի կարևորությունը հանրության շրջանում բարձրացնելու համար․ - «Ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է խոչընդոտներ սարքի, որ առանց գիտելիք առաջխաղացման հնարավորություն չլինի, որ պաշտոն-ծանոթով չգրավեն, նախարարի տղան նախարար չդառնա, մարզպետի տղան մարզպետ չդառնա, քաղաքապետի բարեկամները ամենամեծ ներմուծողները չլինեն այդ քաղաքի համար: Նույնը՝ Հանրապետության մասին: Կոռուպցիոն տարրերը հենց որ վերացվում են, միակ ճանապարհը հաջողության հասնելու մնում է գիտելիքը»:
Ուշագրավ է, նաև որ այսօրվա հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ժամանակակից հայ գրականությանը և իր դիտարկումները ներկայացրել գրահրատարակիչներին:
«Մի ֆանտաստիկ բան կար էսօր՝ ասեց, որ պետականաստեղծ վեպ չկա: Մենք Արքմենիկի հետ հինգ տարի խոսում ենք, որ պետականաստեղծ վեպ Հայաստանում չկա․․․ մարդը վերլուծեց, ասեց․․․ Շշմել էի: Ասում էր, որ բանակի մասին վեպ չկա, պետության մասին, պետականության մասին վեպ չկա», - փոխանցեց Արմեն Մարտիրոսյանը: