Մյունխենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ավելի շուտ ուղերձ է Արևուտքին, քան Թուրքիային, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Մյունխենում շաբաթ օրը Սերժ Սարգսյանը իր ելույթում նշել էր, որ Հայաստանը չի կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին, և եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ:
Հակոբ Բադալյանի խոսքով՝ քիչ հավանական է, որ ապագայում տեսնենք հայ֊թուրքական նոր արձանագրություններ, սակայն Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակում հնարավոր է ակտիվանա նաև հայ֊թուրքական արձանագրությունների գործոնը, և այստեղ Սերժ Սարգսյանը զգուշացնում է, որ դրանցից հրաժարվելու է, չհրաժարվելու համար նոր պայմաններ են անհրաժեշտ:
«Ես կարծում եմ՝ Սարգսյանի, արձանագրությունների վերաբերյալ դիրքորոշման հիմնական մոտիվացիան գտնվում է հայ-թուրքական հարաբերություններից դուրս: Թուրքիայի շուրջ տեղի ունեցող զարգացումները, այսինքն՝ Թուրքիայի հարաբերությունները թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի, Սիրիայում զարգացումները, Իսրայելի, Իրանի հետ հարաբերությունները: Այս դիապազոնում են, կարծում եմ», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա: - «Եվ այստեղ Սերժ Սարգսյանը գուցե նկատում է, որ այս նոր իրավիճակը կարող է բերել նրան, որ հայկական գործոնը, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը բերվի օրակարգ որևէ կերպ և այստեղ արձանագրություններն են գալիս առաջին պլան: Սարգսյանը, կարծես թե, փորձում է արձանագրությունները դուրս բերել հնարավոր խաղարկման տիրույթից և դիրքորոշում ներկայացնել, որ եթե Հայաստանը ներգրավվելու է որևէ նոր գործընթացի, ապա նոր պայմաններով և նոր իրավիճակով, քանի որ նախկինը կենսունակ չէ»:
Հակոբ Բադալյանը հիշեցնում է՝ այն ժամանակահատվածում, երբ ստորագրվում էին հայ֊թուրքական արձանագրությունները, իր առաջին նախագահական ժամկետը սկսող Սերժ Սարգսյանի դիրքերն այլ էին, այժմ՝ իրավիճակը լրիվ այլ է. ֊ «Կար Մարտի 1֊ի այդ շատ ծանր բեռը, կար ներքին լեգիտիմության շատ մեծ դեֆիցիտ, և այդ խնդիրները լուծելու համար արձանագրությունները բավական գործուն միջոց դարձան, Սերժ Սարգսյանը կարողացավ փոխել սլաքների ուղղությունը, կարողացավ միջազգային լեգիտիմություն ապահովել և այս բոլոր խնդիրների պայմաններում ձևավորված արձանագրությունները հիմա լիովին այլ աշխարհում են։ Եվ Սերժ Սարգսյանը շատ հասկանալիորեն նաև փորձում է կանոնները փոխել և ասել, որ հիմա ինքը ամենևին չունի այդ արձանագրությունների կարիքը և կարող է իրեն թույլ տալ որոշակիորեն ավելի ուժեղ դիրքերից խոսել»։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը կարծում է՝ Հայաստանը պետք է հնարավորինս լավ ներկայացնի միջազգային հանրությանը արձանագրությունները չեղարկելու պատճառները, քանի որ Թուրքիան փորձելու է Հայաստանի այս քայլը ներկայացնել որպես ոչ կառուցողական: Մյունխենյան հարթակը, ըստ նախկին պատգամավորի, հարմար առիթ էր՝ ևս մեկ անգամ հայտարարելու, թե ում պատճառով է ստեղծվել արձանագրությունների հետ կապված վիճակը։ ֊ «Մենք հիմա պետք է գիտակցենք, որ այդ միջազգային լրատվական դաշտում մենք պետք է կարողանանք ոչ միայն պաշտպանվել թուրքական հարձակումներից, այլ ինքներս էլ համապատասխան հակահարձակում անենք և թույլ չտանք, որ Թուրքիան օգտագործի դա և փորձի իր համար բարենպաստ իրավիճակ ձևավորել», ֊ ասում է Պողոսյանը։
Հայ֊թուրքական արձանագրություններին դեմ արտահայտվող Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է՝ մոտ ապագայում նոր փաստաթուղթ պետք չէ սպասել, իսկ Մյունխենում՝ Հայաստանի նախագահը ևս մեկ անգամ հրապարակավ տեղեկացնում էր միաջզգային հանրությանը, որ՝ «Հայաստանը ծրագրում է սա անել»։
Ըստ Մանոյանի՝ արձանագրությունները թե՛ վավերացնելը, թե՛ չվավերացված վիճակում պահելը վնասակար է Հայաստանի համար, ստորագրությունը հետ վերցնելը՝ այդ վտանգը կվերացնի. ֊ «Այլ հետևանք չեմ տեսնում, որովհետև փաստը մեջտեղն է, որ ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ միջազգային համայնքը ոչ մի ձևով էլ չի արտահայտվում, որովհետև շատ հասկանալի է գտնում Հայաստանի կեցվածքը»։