«Քարոզարշավն անցնում է առանց լուրջ խախտումների». ՌԴ ԿԸՀ ղեկավար

ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովա, արխիվ

Ընթացիկ նախագահական քարոզարշավն ամենակոռեկտն է և անցնում է առանց լուրջ խախտումների, այսօր հայտարարել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։

Ընտրություններին մնացել է մեկ ամսից քիչ ժամանակ, այսօրվանից ռուսաստանյան կենտրոնական հեռուստաընկերությունները սկսել են ցուցադրել մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ութ թեկնածուների նախընտրական հոլովակները։

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով համարվում է Պուտինի միակ իրական քաղաքական մրցակիցը, հիշեցնենք, ընտրություններին չի մասնակցում՝ նրան չեն գրանցել դատվածության պատճառով։

Նավալնին կոչ է անում բոյկոտել ընտրությունները՝ հայտարարելով, որ իշխանությունների համար չափազանց կարևոր է, որ մեծ թվով մարդիկ գնան ընտրատեղամասեր։

Անցած հանգստյան օրերին ռուսաստանյան համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում կոչ է արվում ռուսաստանցիներին անպայման մասնակցել ընտրություններին։

«Եթե չմասնակցեք ընտրություններին, նախագահ կընտրվի նա, ով զորակոչային տարիքը կբարձրացնի մինչև 60 տարեկան, ով կվերադարձնի պիոներական շարժումը», - մասնավորապես ասվում է տեսանյութերում։

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարն այսօր ասել է, որ իրենց հետ այդ տեսահոլովակները որևէ կապ չունեն։

«Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը, գրում է, որ սա նախագահի աշխատակազմի նոր ռազմավարությունն է, որը նպատակ ունի բարձրացնել հասարակության մասնակցությունն ընտրություններին։

Այսօր հայտնի է դարձել նաև, որ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է նկարահանվել իր նախընտրական տեսահոլովակում, փոխարենը՝ նրա նախընտրական շտաբը օգտագործել է Պուտինի ելույթներից տարբեր կադրեր։ Այդ մասին այսօր ասել է նրա նախընտրական շտաբի ղեկավարներից Անդրեյ Կոնդրաշևը։

Այս ընտրություններին Պուտինի հիմնական կարգախոսն է՝ «Ուժեղ նախագահ, ուժեղ Ռուսաստան»։

Նշենք, որ վերջին օրերին Պուտինը բավականին պասիվ է։ Անցած շաբաթ Կրեմլը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Պուտինի մի քիչ վատառողջ է՝ մրսած է։ Վերջին օրերին Պուտինը գրեթե չի մասնակցել հրապարակային միջոցառումներին։ Նա հրաժարվել է նաև հեռուստաբանավեճերից։ Ըստ Կրեմլի, Պուտինի վարկանիշն այնքան բարձր է, որ բանավեճերի կարիքը չունի։

«Լևադա» կենտրոնը Ռուսաստանում գրանցված է որպես արտասահմանյան գործակալ և թեկնածուների վարկանիշների մասին տվյալներ չի կարող հրապարակել։

Եթե հավատանք Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տվյալներին, ապա այսօր Պուտինի վարկանիշը կազմում է մոտ 71 տոկոս, կոմունիստների թեկնածու միլիոնատեր Պավել Գրուդինինը՝ 7․5 տոկոս, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկունը՝ շուրջ 5․5 տոկոս, լրագրող Քսենիա Սոբչակինը՝ մոտ 1 տոկոս, 0.7 տոկոսանոց վարկանիշ կենտրոնը վերագրում է «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկուն։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Քսենիա Սոբակը Պուտինին որպես նախագահի թեկնածու գրանցելու մասին բողոքի հայցով դիմել էր Գերագույն դատարան՝ նկատելով, որ Ռուսաստանի Սահմանադրության համաձայն, նույն անձը երկու անգամից ավելի չի կարող նախագահ ընտրվել։ Փետրվարի 16-ին դատարանը մերժել է Սոբչակին։ Իրեն ընդդիմադիր համարող թեկնածուն հայտարարել է, որ բողոքարկելու է Գերագույն դատարանի այս որոշումը։