Ասադին հավատարիմ ուժերը այսօր արդեն կարող են մուտք գործել Աֆրին

Թուրքական զինուժը հրետակոծում է սիրիացի քրդերի դիրքերը Աֆրին շրջանում, փետրվար, 2018թ․

Առաջիկա ժամերին Սիրիայի կառավարամետ ուժերը մուտք կգործեն քրդաբնակ Աֆրին քաղաք: Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է Դամասկոսում գործող «Ալ-Իքբարիա» հեռուստաալիքը:

Reuters գործակալությունը, վկայակոչելով սիրիացի քրդերի ներկայացուցիչ Բադրան Ժիա Քուրդին, հաղորդում է, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ջոկատները կտեղակայվեն մի շարք սահմանային դիրքերում:

«Ժողովրդական ուժերը մուտք կգործեն Աֆրինի տարածաշրջան թուրքական ագրեսիային դիմակայելու նպատակով», - նշված է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալության մի քանի ժամ առաջ տարածած հայտարարության մեջ:

Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրին շրջանում, հիշեցնենք, արդեն մոտ մեկ ամիս է՝ Թուրքիայի զինված ուժերը Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քուրդ զինյալների դեմ մարտական գործողություններ են իրականացնում: